«Գլխավոր հարցը տեսլականն է, թե մենք ինչպես ենք տեսնում Սևանա լճի ապագան, ինչ ակնկալիքներ ունենք»,- օրերս ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նիստի ժամանակ նման հռետորական հարցադրումով իր ելույթը սկսեց EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելը։
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցած ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նիստին, որին ներկա էր Eco.am սոցիալական հարթակը, ներկայացվեցին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի արդյունքները:
EU4Sevan ծրագիրն ընդգրկել է Սևանա լճի ավազանի 5 համայնքներ, որտեղ իրականացվել են բազմաթիվ ուսումնասիրություններ և հետազոտություններ: Ծրագրի բաղադրիչներն են՝
1․ Սևանա լճի ջրահավաք ավազանում ջրի մշտադիտարկման ու կառավարման կարողությունների բարելավում,
2․ կայուն հողօգտագործում,
3․ կոյուղաջրերի մաքրում ու կառավարում,
4․ իրազեկության բարձրացում և տեղեկատվության հասանելիություն,
5․ Սևանա լճի էկոհամակարգի կառավարման բարելավում:
«Կարևորը օրենսդրական դաշտի կարգավորումը և որոշում կայացնող կառույցների միջև երկխոսությունն է, ինչպես նաև տվյալների կառավարման հարցը: Անհրաժեշտ է տվյալների միասնական հարթակի ստեղծում, որը կարող է աջակցել որոշում կայացնողներին»,- ընդգծեց EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելը։
Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը նիստի ժամանակ անդրադառնալով Սևանա լճի ավազանում հանքավայրերի շահագործմանը, շեշտեց, որ այդ հարցը պետք է նախ ներառվի ծրագրի ճանապարհային քարտեզում, ինչպես նաև գնահատվի հանքավայրերի ներկա և հնարավոր ազդեցությունը:
«Խոսքը փոքր հանքերի մասին է, որոնց հետ կապված ամեն շաբաթ հանձնաժողովը հայտեր է ստանում և քննարկում: Սա կարևոր հարց է և կարևոր ազդեցություն ունի լճի ջրի որակի և էկոհամակարգի վրա», – կարևորեց Բարդուխ Գաբրիելյանը, ընդգծելով, որ պետք է թիրախային աշխատել ձկնորսների հետ․ «Սևանա լճի ավազանում բնակվողների մեծ մասը կապված է ձկնորսության հետ, և կարևոր է, որ նրանք հասկանան, որ այդ ռեսուրսների կանոնավոր և կայուն օգտագործումն իրենց համար ավելի օգուտ կլինի», – եզրափակեց Բարդուխ Գաբրիելյանը:






Թողնել մեկնաբանություն