Օրերս «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դահլիճում տարածվել էր ժենգյալով հացի բույրը, իսկ հանդիսատեսն էլ ակամա դարձել էր արցախցի կնոջ բարդ կյանքի ու ժենգյալով հացի պատրաստման մասնակից։
«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակում «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի բեմում կայացավ «Ժենգյալով հաց» փաստավավերագրական ներկայացումը՝ հեղինակ, բեմադրիչ Անուշ Պետրոսյանի ռեժիսուրայով։
Անկեղծության, սիրո, կորստի մասին փաստավավերագրական «Ժենգյալով հաց» ներկայացումն ուղեկցվում էր ավանդական ժենգյալով հացի պատրաստմամբ, և զուգահեռ, նուրբ գծով շոշափվում Արցախը, որտեղ էլ տեղի էր ունենում իրադարձությունները։ Իսկ դահլիճում Էկո միջավայր էր՝ ժենգյալով հացի բույրին զուգահեռ թևածում էր Արցախի համն ու հոտը:
Ի դեպ, մոնոներկայացման հորոսուհուն մարմնավորում էր հադրութցի, թատերական ինստիտուտի ուսանողուհի Սրբուհի Բալայանը։ Ներկայացման արցախցի բեմադրիչ Անուշ Պետրոսյանն ասաց, որ վերնագիրն էլ պատահական չի ընտրվել՝ «Ժենգյալով հաց», քանի որ և ժենգյալով հացի պատրաստման բարդ պրոցեսի ու արցախյան հերոսուհու բարդ կյանքի միջև նմանություններ է գտել։ Հերոսուհին հեղինակի տատիկն է ով դժվար, բայց հետաքրքիր ու բովանդակալից կյանք է ունեցել․«Ցույց եմ տվել ուժեղ հայ կնոջ կերպարը, ու կարծում եմ՝ ստացվել է։ Փորձել եմ տատիկիս օրինակով ցույց տալ, որ պետք է պայքարել հանուն երջանկության», –վստահեցրեց Ա․ Պետրոսյանը։
«Ի սկզբանե որոշված էր, որ ներկայացման պրեմիերան պետք է կայանար Շուշիի թատրոնում, սակայն, ցավոք, պատերազմը խախտեց որոշումը»,- ասաց բեմադրիչն ու հույս հայտնեց, որ հնարավորության դեպքում ներկայացումը կխաղան նաև Արցախում։
Eco.am-ը հանդիսանում է Արմմոնո» 19-րդ» միջազգային թատերական փառատոնի ինֆորմացիոն աջակիցը, որն ընթացավ Երևանում, Գյումրիում և Արտաշատում։




Թողնել մեկնաբանություն