Երևանի վարչական շրջաններում տեղադրվում են տեսակավորման համար նախատեսված նոր թափոնամաններ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ սկսում են Աջափնյակ ու Դավթաշեն վարչական շրջաններից:
Ստորև՝ Հայկ Մարությանի գրառումը.
Ժամանակն է տեսակավորել կենցաղային թափոնները.
Աջափնյակը եւ Դավթաշենը առաջին վարչական շրջաններն են, որտեղ սկսում ենք տեղադրել տեսակավորման համար նախատեսված թափոնամանները: Այստեղ 16 կետերում «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղադրում է երեքական տեսակի տարագույն թափոնամաններ: Կենցաղային աղբի համար նախատեսված «սովորական» աղբամանների կողքին տեղադրված այս թափոնամանները հնարավորություն կտան մեր բնակչությանը՝ աստիճանաբար յուրացնել աղբի տեսակավորման մշակույթը՝ առանձնացնել այն տանը եւ թափել բնակարանի մերձակայքում տեղադրված ամաններում: Դեռ 2019-ից պլանավորված այս գործընթացով մենք մի քանի կարեւորագույն նպատակ ենք հետապնդում՝ սկսած բնապահպանականից, վերջացրած՝ տնտեսական որոշակի արդյունքով: Այսպիսով, եթե տեսնեք Ձեր շենքի մոտակայքում տեղադրված նոր թափոնամանները, իմացեք, որ Դեղինը նախատեսված է թղթի, ստվարաթղթի համար: Խիստ ցանկալի է, որպեսզի ստվարաթղթե արկղերը թափոնամանները նետվեն բացելուց եւ ծալելուց հետո: Կապույտը՝ պլաստիկի համար: Այս թափոնամանները նախատեսված են բոլոր այն թափոնների համար, որոնք պլաստիկի հիմքով են պատրաստված՝ պոլիէթիլենային տոպրակներ, շշեր, բաժակներ եւ այլն: Փոքր մոխրագույն/սեւ թափոնամանները ապակու համար են: Այստեղ հավաքում ենք ապակե թափոնները՝ ոչ միայն շշերը եւ այլ սպասք, այլեւ օրինակ՝ պատուհանի կոտրված ապակի, եւ այլն: Մեր մասնագետները եւ վարչական շրջանների համապատասխան անձնակազմը թափոնամաններից օգտվելու առանձնահատկությունների մասին ընթացքում առավել մանրամասն տեղեկատվություն կտան։






Թողնել մեկնաբանություն