Թողարկվել է ՀՀ գետերի 2024 թվականի գարնանային վարարումների կանխատեսումների տեղեկագիրը

https://eco.am/%d5%a9%d5%b8%d5%b2%d5%a1%d6%80%d5%af%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b0%d5%b0-%d5%a3%d5%a5%d5%bf%d5%a5%d6%80%d5%ab-2024-%d5%a9%d5%be%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a3%d5%a1%d6%80%d5%b6%d5%a1%d5%b6/

Հաշվի առնելով նախաձմեռային (սեպտեմբեր-նոյեմբեր), ձմեռային (դեկտեմբեր-մարտ) ամիսների փաստացի և վարարումների ժամանակաշրջանի (ապրիլ-հունիս) կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները՝ կանխատեսվում է, որ գետերում 2024 թվականի գարնանային վարարումների հոսքի ծավալները և առավելագույն ելքերի մեծությունները սպասվում են նորմաների 80-110% սահմաններում։

Eco.am  սոցիալական հարթակը, Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ գետերում ջրի առավելագույն ելքերի անցումները հիմնականում սպասվում են մայիսի երկրորդ և երրորդ տասնօրյակներում:

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման և հորդառատ անձրևների դեպքում գետերի մերձափնյա բնակավայրերի ու ցանքատարածությունների համար հնարավոր են ջրածածկումներ և ողողումներ, որոնց վերաբերյալ կանխատեսումներ հնարավոր է կազմել միայն 3-4 օր առաջ, երբ հստակ կանխատեսվում են մոտեցող տաք օդային ալիքներ և ինտենսիվ անձրևներ:

Սևանա լիճ

Հիմք ընդունելով եղանակի և Սևանա լիճ մուտք գործող գետային հոսքի կանխատեսումները, լճի մակերևույթից գոլորշացման մեծությունները, Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխվելիք ջրի քանակը (170մլն մ³) և ոռոգման նպատակով լճից օրենքով սահմանված ջրառը՝ 170մլն մ³ (ընդ որում հաշվարկներում, որպես ջրառի սկիզբ ընդունվել է հունիսի երկրորդ տասնօրյակը), 2024 թվականի հուլիսի 1-ին 2024 թվականի ապրիլի 1-ի մակարդակի համեմատ կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 33-38 սմ-ով (1900.57-1900.62 մ սահմաններում), իսկ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ` լճի մակարդակը կանխատեսվում է 1900.14-1900.20մ սահմաններում, որը 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակի համեմատ կլինի -3…+3 սմ սահմաններում:

 Ջրամբարներ

«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողﬕց դիտարկվող 5 խոշոր ջրամբարների 2024 թվականի առավելագույն ջրալցվածությունը կանխատեսվում է.

1․ Ախուրյանի ջրամբարում՝ 80-85% (420-450 մլն մ³),

2․ Արփիլիճ ջրամբարում՝ 85-90% (88.0-93.0 մլն մ³),

3․ Ապարանի ջրամբարում՝ 50-55% (45.0-50.0 մլն մ³),

4․ Ազատի ջրամբարում՝ 95-100% (65.0-70.0 մլն մ³),

5․ Մարմարիկի ջրամբարում՝ 95-100% (22.0-24.0 մլն մ³):

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից նաև տեղեկացնում են, որ  կանխատեսումները կազմելիս հնարավորինս հաշվի են առնվել գարնանային վարարումների հոսքը ձևավորող գործոնները, և բացի այդ օգտագործվել են կանխատեսված մեծություններ, որոնք ըստ անհրաժեշտության պարբերաբար ենթակա են ճշգրտման, հետևաբար նման դեպքերում կճշգրտվեն նաև թողարկված կանխատեսումները և կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Առավել մանրամասն՝ Այստեղ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կանխատեսվում է 21-26սմ-ով Սևանա լճի մակարդակի բարձրացում

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով