Սիրիայում պայթող արկերն ու ռումբերը, անօթևան մնացած երեխաներն ու անմեղ զոհերը աշխարհի քարե սրտի վրա փորագրում էին մեկ բառ՝ արդարամտություն, իսկ հետո մեկ ցանկություն՝ խաղաղություն:
Eco.am-ն այսօր ներկայացնում է գյումրեցի զարդագործ Արտակ Թադևոսյանին, որը 2015 թվականից աշխարհում տիրող խառնակ ժամանակների ու փոթորկված մարդկության միակ բալասանի՝ խաղաղության իր բանաձևն է առաջադրում: Պայթած արկերն ու փամփուշտները Արտակի ձեռքին վերածվում են զարդերի։
Արտակը հասկացել էր, որ խաղաղությունը հանուն մարդկության ձեռագիրը պետք է լինի, ոչ թե մի երկրի, մեկ պատմության գործը: Նա իր աշխատանքները սկսեց պատրաստել պարկուճներից, որոնք վերածվելով զարդերի զինաթափում են մարդուն սպանելու ցանկությունից: Խաղաղության ջատագովի համար աննկարագրելի հարված էր ապրիլյան քառօրյան, իսկ այնուհետև՝ 44 օրյա արցախյան հերոսամարտը, որի ընթացքում արվեստագետը ոչ միայն անկանգառ աշխատում և օգնում էր բանակին իր աշխատանքներից ստացած հասույթով, այլև հոգատար ծնողի պես իր հովանու տակ էր վերցրել հայրենիքից զրկված հադրութցի ընտանիքներ, ովքեր աջակցության և խնամքի կարիք ունեին:

Փրկության խաչերը, որոնք նա սկսեց ձուլել պատերազմական օրերին, մեր հերոս զինվորների համար ինքնատիպ աղոթքի խորհրդանիշ է՝ վառոդից ազատված փամփուշտներով:
Արտակի պատրաստած զարդերից այնպիսի հզոր էներգիա է գալիս, որ զգում ես գեղեցիկն արարող արվեստագետի ներշնչանքի ուժը խաղաղության պահապան մեր զինվորների համարԴրանք կոպիտ արույրի ու պղնձի, քմահաճ արծաթի խառնվածքներն են համադրում իրար այնքան նրբաճաշակ ձեռագրով, որ մետաղը սկսում է թևել, նրբորեն շարժվել, ուղղություն վերցնել դեպի դիմացինի սիրտը և կնոջ լանջին հպվելիս դառնալ նրա էության անբաժանելի մասը
Արվեստագետը նկարում է, ձուլում, փորագրում, նոր ձևեր ու նյութեր որոնում խաղաղության մասին իր խոսքը հնչեցնելու համար: Նրա ստեղծագործական մտքի որոնումները դեռ ընթացքի մեջ են ու դեռ շատ են զարմացնելու բոլորիս՝մնալով իբրև ճշմարիտ արվեստի կատարյալ նմուշ-ասելիքներ:






Թողնել մեկնաբանություն