Դեպի Եռաբլուր տանող ճանապարհի շուրջ 4.5 հեկտար տարածքն ամբողջությամբ կանաչապատվում է:
«Նպատակ ունենք ստանալ բազմաշերտ կանաչապատում ունեցող կանաչ գոտի Երևանում: Արդեն տնկվել է 1700 բույս: Հիմնականում բարձր սաղարթ ունեցող ծառեր են: Բացի այդ, ունենք մշտադալարներ՝ սոճիներ, կլինի նաև գիհիների մեծ խումբ»,- նշում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային հիմնարկի նախաձեռնությամբ կանաչապատման աշխատանքները սկսել են դեռևս նախորդ տարեվերջին: Գարնանային ծառատունկի ընթացքում մարտ ամսին տնկած ծառերն արդեն ծաղկել են: Կարճ ժամանակում արդյունքի հասնելն ամենօրյա քրտնաջան աշխատանքի պատասխանն է: Գլխավոր խնդիրը ժամանակին և գրագետ ոռոգումն է: Եռաբլուր ջուրը հասնում է խողովակներով՝ անցնելով մի քանի կիլոմետր:
Այս տարի ծառատունկն իրականացվում է մի քանի փուլով: Գարնանը քաղաքում կտնվի շուրջ 5000 ծառ և ավելի քան 100.000 թուփ: Դրանք ինչպես ձեռքբերած, այնպես էլ քաղաքային ջերմոցատնկարանային տնտեսությունում աճեցված բույսերն են: Տունկին զուգահեռ՝ քաղաքի հին ու նոր թփերն ու ծառերը բուժում են ստանում: Այս տարի մոտեցումներն այլ են, մասնագետների խոսքով՝ ավելի արդյունավետ:
«Բույսերի պաշտպանության համար ցերեկային ժամերին հիմնականում օգտագործվում է ձեռքի սրսկիչ, իսկ արդեն գիշերը, հաշվի առնելով անվտանգության խնդիրները, աշխատում է հատուկ տեխնիկա: Իսկ կրապատում քաղաքային պայմաններում սովորաբար չի արվում, քանի որ կրապատվում են պտղատու ծառերը»,– նշում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փորձագետ Արմենակ Տեր Գրիգորյանը:
2021-ին կանցկացվի 15 կմ նոր ջրագիծ, ևս 15 կմ էլ՝ կնորոգվի գոյություն ունեցող ցանցից:






Թողնել մեկնաբանություն