Դենտրոպարկ․ Սոճիների փոշոտման շրջանի բուժական հատկությունները

https://eco.am/%d5%a4%d5%a5%d5%b6%d5%bf%d6%80%d5%b8%d5%ba%d5%a1%d6%80%d5%af%e2%80%a4-%d5%bd%d5%b8%d5%b3%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d6%83%d5%b8%d5%b7%d5%b8%d5%bf%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%b6/

Հայաստանյան հարուստ բնությունն Էկոտուրիզմի համար ունի շատ գողտրիկ վայրեր, որոնց մասին շատերս անգամ չգիտենք, նույնիսկ՝ ապրելով Հայաստանում։ Եղանակային բարենպաստ պայմաններն արդեն թույլ են տալիս լիովին կազմակերպել ընտանեկան կամ ընկերական էկոտուրեր՝ Հայաստանի տարածքով մեկ, որոնք կլինեն և՛ ճանաչողական, և՛ առողջության համար նպաստավոր։

Օրինակ, երբևէ եղե՞լ եք Ստեփանավանի Դենդրոպարկում, եթե ոչ, ապա Eco.am-ն առաջարկում է անպայման գնալ, քանի որ տարվա այս եղանակն ամենաճիշտ ժամանակահատվածն է։ Տարվա մեջ միայն մի կարճ ժամանակաշրջան` մայիս-հունիս ամիսներին, Դենդրոպարկի սոճիների փոշոտման ընթացքում, սոճու անտառներում արտադրվում են ֆիտոնցիդ նյութեր։ Այն օժտված է բուժական հատկություններով, չափազանց կազդուրիչ է շնչառական ուղիների, հատկապես թոքային հիվանդություններով տառապող անձանց համար:

Դենտրոպարկը Հայաստանի ամենագեղեցիկ և ամենականաչապատ վայրերից մեկն է, որտեղ յուրաքանչյուրը կարող է զգալ բնության ուժն ու ներդաշնակությունը: Կախարդական անտառի նման այս գեղատեսիլ կանաչ այգին կատարյալ է ընտանեկան այցելությունների համար տարվա ցանկացած եղանակին, քանի որ ամեն եղանակ իր ձևով զարդարում է այս տարածաշրջանի շքեղ բնությունը:

Որտեղ է գտնվում Դենտրոպարկը

Կարծիք կա, թե բնության այս հրաշքից օգտվելու համար պարտադիր պետք է արձակուրդ վերցնել, բայց տարվա այս եղանակի ընձեռած վայելքներից կարելի է օգտվել ոչ միայն հյուրանոցներում և հյուրատներում համարներ պատվիրելով, և երկար ժամանակով այցելելով, այլև խմբային, կամ ընտանեկան արշավներ կազմակերպելով:

Դենտրոպարկը գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում, Ստեփանավան քաղաքից 12 կմ հեռավորության վրա։ Մայրաքաղաք Երևանից Ստեփանավան 150 կմ է, սովորական մեքենայով կարելի է հասնել առավելագույնը երկու ժամում։ Եթե առավոտյան ճանապարհ ընկնեք, կարող եք մեկ լիարժեք օր անցկացնել բնության գրկում, հոգալով բացառապես միայն սննդի և ճանապարհածախսի հարցը։ Ավելին` քաղաքի անտառաշատ հատվածներում գործող անվճար տաղավարներում, կամ հենց բնության գրկում, կարելի է խորոված պատրաստել, սունկ, ուրց և դաղձ հավաքել, մի խոսքով, օգտվել բնության բարիքներից։

Ինչ բույսեր կան պուրակում

35 հեկտար տարածքում տեղակայված է հսկայական անտառային այգի, որից 17.5 հա բնական անտառներ են, իսկ 15 հա զբաղեցնում են աճեցված դեկորատիվ բույսերը: Հազվագյուտ տնկիները հաճախ ձեռք էն բերվել փոխանակման եղանակով․ Ստեփանավանի Դենդրոպարկը համագործակցում էր Թբիլիսիի, Մոսկվայի, Կիևի և այլ քաղաքների հետ: Երկար տարիների ընթացքում բուսաբանները փորձել են այստեղ աճեցնել մինչև 2500 տարբեր բույսերի տեսակներ: Արդյունքում, միայն մոտ 500 տեսակի հաջողվեց հարմարվել լեռնային Հայաստանի պայմաններին:

Ի դեպ, Ստեփանավան, մեկնելիս կարելի է ոչ միայն բնությունը վայելել, այլև այցելել պատմամշակութային հուշարձաններ Օրինակ` «Աշոտ երկաթը», Ստեփան Շահումյանի տուն-թանգարանը, նկարիչ -քանդակագործ Սահակ Սահակյանի աշխատանքների թանգարանը, 1800-ամյա Սբ. Սարգիս եկեղեցին, Դեբետի վտակ Ձորագետը, քարանձավը, Սոս Սարգսյանի հուշարձան համալիրը, Գյուլագարակի Դենդրոպարկն ու այսպես շարունակ: Իսկ ովքեր ցանկանում են ոչ թե մեկ այլ մի քանի օր անցկացնել Ստեփանավանում, կարող են օգտվել բավականին մատչելի հյուրատներից, բազմապիսի առողջարաններից և հյուրանոցներից:

Փոշոտման օգտակար հատկությունները

Սոճիների փոշոտման ընթացքում սոճու անտառներում արտադրվում են ֆիտոնցիդ նյութեր։ Այն օժտված է բուժական հատկություններով, չափազանց կազդուրիչ է շնչառական ուղիների, հատկապես թոքային հիվանդություններով տառապող անձանց համար: Այն վերականգնում է շնչառական ուղիների լորձաթաղանթը և զգալիորեն նվազեցնում շնչառական հիվանդությունների կրկնման հավանականությունը։ Սոճիների անտառի օդն օգնում է բարելավել շնչառությունը, վերականգնել աշխատունակությունը։ Դրական է ազդում սիրտ-անոթային, նյարդային և էնդոկրին համակարգերի վիճակի վրա: Բնության այս յուրահատուկ երևույթն ունի կազդուրիչ հատկություն և բարձրացնում է օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը:

Մանկահասակ երեխաների համար հատկապես անփոխարինելի են սոճիների արտազատած նյութերը, որոնք ունենալով արտահայտված հակաբորբոքային և հակավիրուսային ազդեցություն, շնչառական ուղիներով անցնում են թոքեր և մանրէազերծում դրանք։

Ապացուցված է, որ փոշոտման արդյունքում առաջացած օդը շնչելը օգտակար է մի շարք հիվանդությունների դեպքում։

Բրոնխեալ ասթմա

Բրոնխիտ (տարբեր տեսակների)

Ֆարինգիտ

Lարինգիտ

Թոքաբորբ (հետևանքների վերացում)

Կրկնվող սուր շնչառական հիվանդություններ

Բացի շնչառական համակարգի վրա ունեցած հզոր ազդեցությունից, սոճիների ծաղկափոշին նպաստում է մարդկանց օրգանիզմում տեստոստերոն հորմոնի ավելացմանը, վերջինս էլ ունի՝

Հակաբորբոքային ազդեցություն

Հակաքաղցկեղային ազդեցություն

Օգնում է հաղթահարել հոգնածությունը

Նպաստում է սթրեսի հաղթահարմանը

Կարգավորում է քնի խանգարումները

Ամրացնում է իմունիտետը։

Հետաքրքիր փաստեր Դենդրոպարկի մասին

1․ Ստեփանավանի Դենդրոպարկը հիմնադրվել է 1933 թ՝ հայտնի կենսաբան Էդմոնդ Լեոնովիչի կողմից: Ներկայումս Դենդրոպարկի տնօրենը նրա որդին է` Վիտալի Լեոնովիչը:

2․ Դենդրոպարկը գտնվում է ծովի մակարդակից 1550 մ բարձրության վրա: Այստեղ կլիման բավականին ցուրտ է: Դեկտեմբերից մինչև մարտ բավականին ձյունառատ է, իսկ տեղումների ընդհանուր քանակը՝ տարեկան կազմում է 550 մմ:

3․ Դենդրոպարկի ամենահետաքրքիր «բնակիչներից» մեկը կալիֆորնիական Սեկվոյան է: Հինգ, դեռ երիտասարդ, տնկիները բարեհաջող արմատացել և բարձրություն են հավաքում։ Դժբախտաբար, տնկելիս ճիշտ չի հաշվարկվել «մեծահասակ» Սեկվոյաների հնարավոր չափերը, ուստի մի քանի հարյուր տարի անց ծառերը պարզապես կարող են իրար «բախվել»:

Նման պայմանները հիանալի են նրանց համար, ովքեր հոգ են տանում իրենց առողջության մասին և գնահատում կատարյալ հանգիստը բնության գրկում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։