ԵՊՀ գիտնականներն ուսումնասիրում են ուտելի և դեղասնկերի կենսատեխնոլոգիական կիրառման հեռանկարները

https://eco.am/%d5%a5%d5%ba%d5%b0-%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%b6-%d5%b8%d6%82%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a1%d5%bd%d5%ab%d6%80%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-%d5%b8/

ԵՊՀ գիտնականներն ուսումնասիրվում են Հայաստանի ագարիկոմիցետային ուտելի սնկերի և դեղասնկերի ռեսուրսային ներուժն ու կենսատեխնոլոգիական կիրառման հեռանկարները։ ԵՊՀ գիտնականների հետազոտությունն ուղղված է սնկերի կենսաբանության և կենսատեխնոլոգիայի ոլորտում մի շարք հիմնարար ու կիրառական խնդիրների լուծմանը:

Սնկային կենսատեխարտադրանքներն անվտանգ ու արդյունավետ են քաղցկեղի, իմունային և այլ հիվանդությունների թերապիայում:

«Ագարիկոմիցետային սնկերը հնագույն ժամանակներից մարդկությանը հայտնի են ոչ միայն իրենց բարձր սննդային և համային արժեքներով, այլև դեղաբանական հատկություններով»,- ասում է թեմայի գիտական ղեկավար, ԵՊՀ կենսաբժշկագիտության ամբիոնի պրոֆեսոր, կ.գ.դ. Սուսաննա Բադալյանը և հավելում․ «Գիտական տվյալները վկայում են, որ այս սնկերը զանազան կենսաակտիվ միացությունների և ֆերմենտների աղբյուր են, որոնք օժտված են դեղաբանական (հակաուռուցքային, իմունախթանիչ, հակաօքսիդանտային, հակամիկրոբային, նեյրոպաշտպան, կարդիոպաշտպան և այլն) հատկություններով»:

Ավանդական բժշկության բազմադարյա փորձը և ժամանակակից կլինիկական հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ սնկային կենսատեխարտադրանքներն անվտանգ և արդյունավետ են քաղցկեղի, իմունային և բորբոքային հիվանդությունների թերապիայում: Դրանք կանխարգելում են նաև վարակների, այդ թվում՝ «COVID-19»-ի ախտանշանները, նպաստում հիվանդի կյանքի որակի բարելավմանը:

Ուսումնասիրության արդյունքները կիրառվելու են սննդի, գյուղատնտեսության, դեղագործության և կոսմետոլոգիայի բնագավառներում:

«ԵՊՀ-ում ստեղծված ուտելի սնկերի և դեղասնկերի 180 տեսակի 580 շտամների գենետիկորեն նույնականացված մաքուր կուլտուրաների մասնագիտացված հավաքածուի, ինչպես նաև էթնոսնկաբանական տվյալների բազայի համալրումը կշարունակի խթանել Հայաստանում սնկերի կենսաբանության, գենետիկայի, մոլեկուլային կարգաբանության և ֆիլոգենիայի, էկոլոգիայի և կենսատեխնոլոգիայի ոլորտներում միջազգային հետազոտությունները, իսկ պտղամարմինների արհեստական աճեցումը կնպաստի սնկային գենետիկական ռեսուրսների պահպանմանը»,- ասաց ծրագրի ղեկավարը:

Մոլեկուլային կարգաբանության մեթոդներով առաջին անգամ Հայաստանի տարածքում նկարագրվել է մակրոմիցետների 14 նոր տեսակ: Դրանցից չորսը պատկանում են ագարիկոմիցետայիններին: Ակնկալվում է նաև արժեքավոր ուտելի դեղասնկերի նոր տեսակների բացահայտում:

Ուսումնասիրությունն իրականացնող գիտական խմբում ընդգրկված են կենսաբանության գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող Նարինե Ղարիբյանը,  բժշկագիտության թեկնածու, գիտաշխատող Անուշ Բարխուդարյանը և մագիստրատուրայի ուսանողուհի Տաթև Մկրտչյանը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով