Ողջ աշխարհում, բացառությամբ մի քանի ազգերի, մահացածին դեպի վերջին հանգրվան՝ գերեզման, տանում են ավտոմեքենայով, որի ծախսած վառելիքը վնասում է օդն ու մարդկության առողջությունը։ Գերմանացի գյուտարար-վարպետները բնապահպանական կարևոր քայլ են կատարել։ Մթնոլորտային օդի աղտոտումը և այլ վնասակար ներգործությունները կանխելու նպատակով Գերմանիայում ստեղծել են էլեկտրական շարժիչով հեծանիվ- դիակառքեր՝ հատուկ դագաղներ տեղափոխելու համար։
«Հեծանիվ-դիակառքը շրջակա միջավայրին և մարդկության առողջությանը վնաս չի հասցնում, և հետո, այս տարբերակով հանգուցյալին տնից դագաղով գերեզմանատուն հասցնելն ավելի հեշտ է»,- փաստում է գերմանացի դիակառքավար Թոմաս Կրեմերը։
Դիակառք հեծանվի վրա դագաղը պտտվող մեխանիզմով հեշտությամբ տեղադրվում ու հանվում է։ Իսկ դիակիզարանից մոխիր տեղափոխելու համար հատուկ զամբյուղ է պատրաստվել։
Թոմասն իր ինքնաշեն ու բենզինային շարժիչով առաջին դիակառքը ստեղծել է Դանիայում․ «Բայց վառելիքով աշխատող շարժիչը վնասում էր շրջակա միջավայրը, աղտոտում օդն ու սգո թափորի առողջությունը։ Հաճախ նկատում էի, որ ճանապարհին մարդիկ ծխահարվում էին։ Երկար եմ մտածել էլեկտրական շարժիչով հեծանվի մասին»,- պատմում է Թոմասը։
Տեսնելով, որ այն չի արդարացնում իր սպասելիքները, գերմանական մի ընկերությանը պատվիրում է վերոնշյալ էլեկտրական շարժիչով դիակառքը։ Նա հեծանիվ-դիակառքն առաջին անգամ օգտագործել է ամիսներ առաջ․ «Հանգուցյալը ամեն օր աշխատանքի գնում էր հեծանիվով ու հարազատների համար կարևոր էր, որ նրա վերջին երթևեկությունը ևս լիներ նրա սիրելի փոխադրամիջոցով՝ հեծանիվով։ Հանգուցյալի ընտանիքը ևս մոլի հեծանվորդներ էին»,- պատմում է դիակառքավարն ու փաստում, որ այդ օրվանից հետո դրական արձագանքներ է ստանում մարդկանց կողմից։ Ըստ Թոմասի, իր յուրահատուկ ծառայությունները ժամանակի ընթացքում կգործեն նաև այլ երկրներում։



Թողնել մեկնաբանություն