Eco.am սոցիալական հարթակն արդեն ներկայացրել էր, որ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախաձեռնության շնորհիվ հանրությանը հետաքրքրող մի քանի հարցերի պատասխաններ պարբերաբար կտրվեն ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի կողմից։
Ամիսներ շարունակ քննարկվում են տնկած սակուրաները և ձիակասկերի տերևների արևային այրումը։ ՀՈԱԿ-ի տնօրենի դիտարկմամբ, շրջայց անցկացնելով Երևանում՝ պարզ է դառնում, որ տերևների՝ ժամանակից շուտ աշնան փուլ մտնելը (դեղնում, չորացում) բացատրվում է ջերմաստիճանային բարձր ցուցանիշներով․ «Փաստենք, որ նման բարձր ջերմաստիճաններին լավագույնը դիմակայել են սակուրաները, որոնք չունեն ո՛չ արևային այրվածք, ո՛չ չորացում, ոչ էլ վաղաժամ տերևաթափ։ Բացի ձիակասկից, տերևների չորացում տեղի է ունենում սոսու, կաղնու, կատալպայի, հացենու, թխկու և այլ տեսակների մոտ, անգամ՝ բոլորին հայտնի Վարդանյանների այգում։ Այդ չորացումը բույսերի պաշտպանողական ռեակցիան է, որը չի վկայում բույսի չորացման մասին․ հաջորդ վեգետացիայում նա սկսում է իր նորմալ աճը եւ զարգացումը»,- ասում է ՀՈԱԿ-ի տնօրեն Ա․ Բեգոյանը։
Ըստ Բեգոյանի, անհեթեթություն կլինի պնդել, որ որոշ տարիներին տերևների չորացումը կարող է պատճառ հանդիսանալ վերոհիշյալ տեսակներն այլևս չօգտագործելու կանաչապատման մեջ։
«Ինչ վերաբերում է ձիակասկի հատմանը եվրոպական երկրներում, ապա հատվել են միայն այն քաղաքներում (օրինակ՝ Մոսկվայում), որտեղ նկատվել են զանգվածային հիվանդություններ և վնասատուներ, որոնք հանգեցնում են ծառերի անկման։ Ըստ կազմակերպության փորձագետի ուսումնասիրության՝ նման հիվանդություն Երևանում աճող ձիակասկերը չունեն։ Այնպես որ, այս առումով ևս անհանգստանալու կարիք չկա»,- հավաստիացրեց Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի տնօրե Արմեն Բեգոյանը։





Թողնել մեկնաբանություն