«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 14-18-ը՝ Երևանում։ Ինչպես Eco.am սոցիալական կայքին տեղեկացրին փառատոնի տեղեկատրավական կենտրոնից, փառատոնի առանցքում այս տարի կլիմայական փոփոխությունների թեմատիկան է։
«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնն ունի 3 անվանակարգ` 1․ կլիմայի փոփոխության մասին գեղարվեստական ֆիլմ,
2․կարճամետրաժ ֆիլմ կլիմայի փոփոխության մասին,
3․երիտասարդները և երեխաները շրջակա միջավայրի մասին։
Փառատոնի այս տարվա կինոփառատոնի մասնակցության հայտադիմումների ընդունման մեկնարկն արդեն տրված է։ Հայտադիմումները հնարավոր է ուղարկել Film Free Way հարթակի միջոցով՝ հետևյալ հղումով։ Հարթակում ներկայացված են բոլոր մանրամասները։ Իսկ հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 31-ը։
Ընդունելությանը կարող են ներկայացվել այն ֆիլմերը, որոնք լուսաբանում են բնապահպանական խնդիրներն ու նվիրված են բնությանը (վայրի բնությանը, կայուն ռեսուրսների կառավարմանը, քաղաքային բնապահպանությանը, էկոլոգիային ու կայուն զարգացմանը, գյուղատնտեսությանն ու շրջակա միջավայրի պահպանմանը, առողջապահությանն ու շրջակա միջավայրին, կրթությանն ու շրջակա միջավայրին, և այլն)։
«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը, հարավկովկասյան ողջ տարածաշրջանում, առաջին և միակն է իր տեսակի մեջ: Փառատոնի ծրագիրը ներառում է բնապահպանական ֆիլմեր ողջ աշխարհից՝
1․ էկո-աշխատարաններ,
2․ցուցահանդեսներ,
3․մեդիա արշավներ և բնական ու մշակութային արժեքների պահպանության աճող մարտահրավերների մասին իրազեկող այլ միջոցառումներ:
Փառատոնն ամենամյա է, անցկացվում է աշնանը, սակայն միջոցառումները «ճամփորդում են» Հայաստանի մարզերով ողջ տարվա ընթացքում՝ ներառելով մեծ թվով երեխաների և պատանիների, խթանելով ստեղծարար լուծումներ՝ համայնքում առկա բնապահպանական խնդիրներին, կիրառելով ֆիլմը՝ որպես գործողության, փոփոխության ներշնչող հզոր գործիք:
«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը մեկնարկել է 2007 թվականին՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից։ Նպատակ ունի բարձրացնելու բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկվածությունը, ինչպես նաև խթանելու Հայաստանի և ամբողջ Կոսվկասյան տարածաշրջանի բնապահպանական խնդիրների ստեղծարար լուծումները։
2021 թվականին փառատոնն առաջին անգամ անցկացվեց առցանց ձևաչափով՝ sunchild.am հարթակում, որտեղ մեկ շաբաթ շարունակ հանդիսատեսը հնարավորություն ուներ դիտելու աշխարհի տարբեր ծայրերից լավագույն բնապահպանական ֆիլմերը՝ հայերեն ենթագրերով։
Այս տարի ևս փառատոնը կպահպանի առցանց ձևաչափը՝ համատեղելով այն օֆլայն միջոցառումների ու ցուցադրությունների հետ։





Թողնել մեկնաբանություն