Թեպետ, արևը որպես էներգիայի աղբյուր կիրառվում է 1800-ական թվականներից, բայց Հայաստանում այն լայն տարածում է գտել վերջին տարիներին։ Այսօր արդեն յուրաքանչյուր տասներրորդ շինության տանիքին կարող ենք հանդիպել ամենատարբեր ընկերությունների կողմից սպասարկվող արևային վահանակների։ Մրցակցային դաշտում սակայն, ոչ միշտ են դիմակայում ընկերություններ, որոնք ունենալով ընդամնեը 5 տարվա գործունեություն, գնորդին ապրանքի համար խոստանում են 20 տարվա կյանք, սակայն 3 տարի անց տեղադրած վահանակը դառնում է ոչ պիտանի։
Օրինակ, երբեմն եղանակային անբարենպաստ պայմանների՝ ուժեղ քամու, արևի կամ կարկուտի հետևանքով վահանակի կարկասը վնասվում է, կամ ընդհանրապես պոկվում։ Ինչ խոսք, նման դեպքերի հաճախ ենք ականատես լինում։
Մասնագետները բացատրում են, որ կայանները պետք է նախատեսված լինեն քամու ուժգնությանը դիմանալու համար, բայց փաստացի, հակառակ իրավիճակին ենք հանդիպում, ինչն էլ նշանակում է, որ արևային էներգիայով զբաղվող որոշ կազմակերպություններ երբեմն ապրանքը վաճառելու համար դիմում են գնային ամենաէժան սանդղակին։ Արդյունքում, գնորդը նախընտրում է գնել ապրանքի մատչելի տարբերակը և բախվում է խնդրի, որի միակ պատասխանատուն վաճառողն է։
«Արևային վահանակի թանկարժեք լինելը խոսում է ապրանքի որակի մասին»,- Eco.am-ի հետ զրույցում շեշտեց արևային վահանակների փորձագետ Գարեգին Կարապետյանը։
Մասնագետն ընդգծում է, որ երբեմն գնորդը հաշվի չի առնում շատ մանրուքներ, քանի որ չի տիրապետում ինֆորմացիային․ «Շենքի տանիքներին արևային վահանակ տեղադրելու դեպքում հողանցումը, հակակարկտային համակարգը պարտադիր է, բայց դրա համար հավելյալ ռեսուրս է պետք։ Ոչ բոլորն են ուշադրություն դարձնում, որ փոքր դետալներն էլ են ազդում գնային սանդղակի վրա։ Օրինակ, կան կազմակերպություններ, որ վահանակներն իրար կամ կայանքին միացնող հոսանքալարերը օգտագործում են ոչ թե հատուկ արևային վահանակների համար նախատեսված հզոր լարեր, որոնք կդիմանան լարմանն ու հոսանքի տատանմանը, այլ՝ սովորական։ Կամ՝ կիրառում են ավելի մատչելի հոսանքալարեր, որոնք դիմանում են միայն առաջին տարին։ Այդ դեպքում, կազմակերպությունն այդ ծախսը չի հոգում, մնում է գնորդի վրա»։
Նման դեպքերում փորձագետը խորհուրդ է տալիս, որ արևային կայան տեղադրելիս սպառողն անպայման ուսումնասիրի շուկան, թե օրինակ՝ իքս գինն իր մեջ ինչ է ներառում։ կամ՝ դիմեն փորձագետների օգնությանը, խորհրդակցեն նրանց հետ, որպեսզի չմոլորեցնեն սպառողին։
«Ընկերությունները օգտվում են այն հանգամանքից, որ հանրությունը դեռ բավարար տեղեկացված չէ և վստահում է իրենց։ Դրա համար կարևոր է, որ գնելուց առաջ մարդիկ տեղեկություն հայթայթեն համացանցից, որտեղ բավարար տեղեկատվություն կգտնեն, թե՛ վահանակների մոդելներից, թե՛ բրենդներից։ Կարևոր է, թե տվյալ բրենդը որքան ժամանակ է գործում միջազգային շուկայում։ Եթե ստեղծվել է 5 տարի առաջ, բայց տալիս է 12 տարվա երաշխիք, արդեն գործունեությունը կասկածելի է, քանի որ հնարավոր է 2 տարի անց այլևս դադարի գործել։ Արդյունքում, սպառողն է կանգնում «կոտրած տաշտակի» առջև»,- հորդորում է զրուցակիցը։
Սպասարկման որակ
Կան կազմակերպություններ, որոնք իրականացնում են 24 /7 ձևաչափով սպասարկում, որպեսզի, երբ կայանի հետ խնդիր առաջանա՝ անջատվի կամ քիչ էներգիա արտադրի, կազմակերպությունն առաջինն իմանա այդ մասին և արագ կարգավորի խնդիրը։
«Կարևոր է, որ արևային համակարգն ունենա մոնիտորինգ սիստեմ, այն թույլ է տալիս աշխատակիցներին հետևել կայանի աշխատանքին։ Սպասարկման թիմը գիտի թե որ եղանակին ինչ ցուցանիշ պետք է ունենա։ Երբեմն կայանի սեփականատերը հաշվիչի վրա տեսնում է թվեր ու կարծում, որ ամեն ինչ կարգին է, բայց աշխատակիցը տեսնելով անոմալիա, գիտի որ այնտեղ խնդիր կա և պետք է դրան արագ լուծում տա»,- ասում է մասնագետն ու պարզաբանում, որ վահանակի թանկ գնի մեջ ներառում է նաև որակյալ սպասարկումը։
Ապահովագրություն
Հայաստանում երբեմն լինում են ուժգին քամիներ, տեղումներ՝ կարկուտի տեսքով, ինչպես նաև հրդեհներ։ Դրա համար արևային կայանների ապահովագրությունը կարևոր է, քանի որ նման դեպքերում ապահովագրական ընկերութունն իր վրա է վերցնում ողջ պատասխանատվությունը, անգամ, եթե, բնական աղետի կամ պատերազմական իրավիճակի արդյունքում է վնասվել վահանակը․ «Անկախ նրանից, թե արևային կայանը ձեռք է բերվել տվյալ ընկերությունից, թե ոչ, կարգը հետևյալն է․ դիմում ես տվյալ ընկերության սպասարկման ծառայություն, փորձագետներն ուսումնասիրում են խնդիրը, պարզում ծախսի չափը, ներկայացնում են ծառայության արժեքը։ Եվ, եթե, ամեն ինչ կարգին է լինում, անցնում են գործի»։
Վահանակների առատությունը որակ չի բերում
Արևային վահանակների քանակը չի որոշում ընդհանուր կայանի արտադրության մեծությունը։ Զրուցակիցը պարզաբանում է, որ երբեմն տեղադրված քիչ քանակությամբ վահանակներն ավելի շատ հոսանք են արտադրում, քան՝ շատ տեղադրված վահանակների դեպքում, քանի որ բաշխումն է սխալ կատարվում։
«Վահանակների մեխանիզմն այսպիսին է․ օրինակ եթե վահանակի վրա մոտավորապես 2,5-3 տոկոսից ավելի ստվեր կա, արդեն 80 տոկոս պակաս էներգիա կարտադրի։ իսկ եթե 40 կամ 30 տոկոսը ստվերի տակ է, ուրեմն՝ էներգիա չի արտադրի»,- բացատրում է փորձագետն ու պնդում, որ հաշվի չեն առնում առավոտյան, երեկոյան, կամ՝ ձմեռային արևը․ «Օրինակ, գնորդը կարող է ասել՝ ես տանիք ունեմ, որտեղ կարող եմ 20 կիլովատ կայան հավաքել։ Փորձագետն ուսումնասիրում է տեղանքն ու ասում, որ հնարավոր է միայն 12 կիլովատը տեղադրել, որպեսզի ավելի լավ արտադրողականություն ունենա։ Բայց, մյուս արտադրող ընկերությունն էլ գայթակղում է, թե կարող է 30 կիլովատ դնել։ Այստեղ, սպառողն էլ մտածում է, որ վահանակների քանակը շատ է, ուրեմն՝ ավելի շատ էներգիա կարտադրվի, բայց հաշվի չի առնում, որ խոր աշնանն ու ձմռանը կայանը էներգիա չի արտադրելու, որովհետև մեկը մյուսի վրա ստվեր է գցում։ Բայց միշտ չէ, որ վահանակի վրա տեսնում ենք ստվեր, ուրեմն՝ կայանը սխալ է տեղադրված։ Պարզապես, մարդն ունեցել է տարածքի սահմանափակում և ճիշտ հաշվարկված ստվերի դեպքում ստանում է այն արդյունավետությունը, ինչն իրեն լրիվ բավարարում է ու չի տուժում։ Որքան փոքր է վահանակը, այնքան այն ավելի ճկուն է»։
Հրդեհներ
Հիմնականում հրդեհների օջախ են դառնում մեկը մյուսին միացնող վահանակաների հոսանքալարերի էժանագին լինելը, որոնք լարման տատանման հետևանքով տաքանում են, սկսվում այրման պրոցես ու վերածվում հրդեհի։ Իսկ հոսանքի տատանման պարագայում կարելի է ընտրել սմարթ սիստեմ ունեցող վահանակներ, որոնք ունեն անջատիչներ ու տատանումների դեպքում ավտոմատ անջատվում են, տարածքը զերծ պահելով վտանգներից։





Թողնել մեկնաբանություն