Արևային էներգիայի օգտագործումը հետպատերազմյան Արցախում լայն տարածում է գտնում՝ հաշվի առնելով հատկապես Ադրբեջանի կողմից կենսական ենթակառուցվածքների գործունեության պարբերական խոչընդոտումը:
ԱՀ կառավարության ու մասնավորի համագործակցությամբ մի շարք առողջապահական ու կրթական հաստատություններում, բնակելի տներում հաջողությամբ ապահովվում է շուրջօրյա տաք ջուրը: Սակայն պետական միջոցները դեռևս բավարար չեն ամբողջությամբ իրացնելու էներգիայի մաքուր աղբյուրը:
Օրերս «COWO Մերիդիան» կենտրոնում տեղի ունեցավ «ռեԱրմենիա 2.0» միջոցառումը, որի նպատակն է ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ տաք ջրով ապահովել Հաղորտի գյուղը: Կայացած միջոցառման ընթացքում, յուրաքանչյուրն իր հնարավորությունների չափով, մասնակցելով դրամահավաքին՝ օգնեց հաղթահարել գյուղաբնակների կենցաղային խնդիրները: Նորարարական լուծումները, գաղափարները ներդնելով համայնքներում՝ մասնակիցները պատասխանատվություն ցուցաբերեցին Արցախի սոցիալական, տնտեսական ու հոգեբանական անվտանգությանն առաջնագծում:
«ռեԱրմենիա» նախաձեռնության իրականացման գործում աջակցություն ունի նաև «ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաներ ընկերությունը, որը «Արևային Հաղորտի» ծրագրի շրջանակներում արևային ջրատաքացուցիչներ կտեղադրվի Արցախի Մարտունու շրջանում գտնվող Հաղորտի գյուղի բոլոր տանիքներին՝ բնակիչներին ապահովելով տաք ջրով։
Բարեգործական այս կարևոր նախագծի շնորհիվ Արցախի Հաղորտին աստիճանաբար դառնում է օրինակելի գյուղ։ Արևային Հաղորտի» նախագիծը կյանքի է կոչվել «reArmenia»-ի օգնությամբ։ Այն համագործակցության հարթակ է, որտեղ բարձրաձայնվում են Հայաստանին և հայերին առնչվող խնդիրները, առաջարկվում դրանց լուծման նախագծեր, կիսվում փորձով կամ ֆինանսական միջոցներով։






Թողնել մեկնաբանություն