«Առաջնորդվել այն սկզբունքով, որ մեզնից յուրաքանչյուրը դառնա բնապահպան»․ Հովհաննես Մարտիրոսյան

https://eco.am/%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%b6%d5%b8%d6%80%d5%a4%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a1%d5%b5%d5%b6-%d5%bd%d5%af%d5%a6%d5%a2%d5%b8%d6%82%d5%b6%d6%84%d5%b8%d5%be-%d5%b8%d6%80-%d5%b4%d5%a5%d5%a6%d5%b6%d5%ab/

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2023 թվականին կատարված ստուգումների համատեքստում առանձնացրել է առավել ռիսկային ոլորտները։ Մասնավորապես՝

1․ ընդերքօգտագործման ոլորտում կատարվել է 78 ստուգում,

2․ ջրօգտագործման ոլորտում՝ 61,

3․ արտադրության ոլորտում՝ 58,

4․ շինարարության ոլորտում՝ 34 և այլն։

Ստուգումների և վարչական վարույթների արդյունքում՝

1․հայտնաբերվել է ընդհանուր 2483 իրավախախտման դեպք,

2․կայացվել է վարչական տույժի 1114 որոշում,

3․կիրառվել է վարչական տույժ՝ 135 մլն 200 հազար դրամի չափով։

4․Պետությանը պատճառած վնասի չափը կազմում է 4 մլրդ 882 մլն դրամ, որի գերակշիռ մասը բաժին է ընկնում ջրային ռեսուրսների, ընդերքօգտագործման, բուսական և կենդանական աշխարհի ոլորտներին։

«Հանքարդյունաբերության ոլորտում հիմնական խախտումները նախագծային պայմանները չպահպանելն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը։

Ըստ տեսչական մարմնի ղեկավարի, ապօրինի ընդերքօգտագործման դեպքերը հաճախակի բնույթ են կրում, արդյունքում՝ իրականացնում են ընդերքօգտագործման տարածքից դուրս արդյունահանում․ «Տնտեսվարողն այդ տարածքն օգտագործելու լիցենզիա չունի, բայց այդտեղ աշխատանքներ է կատարում»,- նշում է Հովհաննես Մարտիրոսյանն ու անդրադարձ կատարում նաև  ջրօգտագործման ոլորտին․ «Հաճախ հանդիպում ենք ջրօգտագործման թույլտվության պայմանների խախտումներ։ Օրինակ՝ հաշվիչները կապարակնքված չեն լինում, թույլ տրված չափից ավելի ջուր են օգտագործում։ Եղել են դեպքեր, որ նույնիսկ ջրօգտագործման թույլտվություն չեն ունեցել, ինչի արդյունքում մենք տնտեսվարողի գործունեության կասեցման որոշում ենք ունեցել»,-ասաց Հովհաննես Մարտիրոսյանը։

Սակայն ՀՀ բնապահպանության ընդերքի տեսչական մարմինը 2024 թվականին ստուգումների նոր նշաձող է սահմանել՝ ապահովելով տեխնիկական հագեցվածություն․ «Հմտություններն են կատարելագործվել, տեխնիկական հագեցվածությունն է ապահովվել, նոր տեխնոլոգիաներ են կիրառվել։ Ստուգումների սահմանված նոր նշաձողի արդյունքում ավելի շատ ստուգումներ են լինելու»,- շեշտեց տեսչական մարմնի ղեկավարն ու հորդորեց քաղաքացիներին․ «Հետևել բնապահպանական ոլորտում օրենսդրությամբ սահմանված նորմերին, առաջնորդվել այն սկզբունքով, որ մեզնից յուրաքանչյուրը դառնա բնապահպան»,- ասաց Հովհաննես Մարտիրոսյանը։

Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը նաև համամատականներ կատարեց․ «Եթե 2022 թվականին տեսչական մարմնի կողմից կատարվել է 267 ստուգում, ապա 2023-ին՝ 292։ Դրանց թվում և ծրագրային, և արտածրագրային ստուգումներն են»,- հավելեց տեսչական մարմնի ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում․

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Կապ չունի հրդեհը Թուրքիայի, թե՝ Հայաստանի տարածքում է, դրանք մեծ աղետ են բերում տարածաշրջանին․ բնապահպան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով