Թուրքիայի հարավային՝ Էգեյան և Միջերկրական ծովափնյա 17 նահանգներում այս շաբաթվա ընթացքում ավելի քան 60 անտառային հրդեհներ են բռնկվել, որոնց արդյունքում կան զոհեր։
«Տարածքային առումով այդ հրդեհների ծուխն իհարկե Հայաստան չի հասնի, բայց մենք էլ պետք է մտածենք, քանի որ հրդեհավտանգ շրջանում ենք»,– Eco.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան, լրագրող Նարինե Կիրակոսյանն ու Թուրքիայի տարածքում ընթացող հրդեհներով ուրախացող մեր հայրենակիցներին խորհուրդ տվեց իրավիճակը գնահատել սթափ և չընկնել էմոցիաների հետևից․ «Համենյանդեպս, տարբեր կարծիքներ եմ լսել, բայց, եթե Թուրքիայում հրդեհ է, դա չի նշանակում, որ մենք ենք իրենց պատժել՝ մեզ կոտորելու համար, այլ սա բնական աղետ է»։
Ըստ բնապահպանի, թյուր կարծիք է ստեղծվել, թե ամբողջ Թուրքիան է վառվում, նույնն էլ Ավստրալիայի դեպքում, բայց մի քանի հանգամանքներ այդպես էլ մնացին ուշադրությունից դուրս․ «Ոչ ոք ուշադրություն չի դարձնում այն փաստի վրա, որ օրինակ՝ Ավստրալիան անտառներից զուրկ է՝ ամբողջ տարածքի ընդամենը 3-6% -ն է անտառ, բայց խոսվում է, որ ողջ Ավստրալիան այրվում է։ Իսկ Թուրքիայի դեպքում էլ՝ չի նշվում խոտածածկ է այրվում, թե՝ բնության համար կարևոր ծառատեսակներ։ Այսինքն՝ կրակը կա, ծուխը կա, կարևոր չէ, թե ինչ է վառվում, գուցե անդառնալի չէ՞ բնության համար և հաջորդ տարի, երբ անձրևները սկսվեն, կվերականգնվեն։ Միայն իրենց տներն ու ապրուստն է վառվում, ոչինչ տունն ու գույքը կվերականգնվի, կարևորը ծառն է, որ պիտանի է մարդկությանը»,- ասաց բնապահպանն ու փաստեց․ «Որքան հետևել եմ Թուրքիայի հրդեհին և՛ խոտածածկ է վառվում, և՛ ասեղնատերև ծառատեսակներ, որոնք արագ են վառվում։ Բայց, հաշվի առնենք, որ իրենք ծովային գոտի են, իսկ ծովի մակերեսի վրա այրվածը շատ հեշտ կվերականգնվի, դրանից պետք չէ դարձնել հայոց պատմություն և ուրախանալ, մի մեծ բան չէ»։
Բնապահպանը հիշեցրեց 2017 թվականին Հայաստանում գրանացված լայնածավալ և աղետալի հրդեհները, երբ Խոսրավի արգելոցում այրվեց մի քանի հազար հեկտար տարածք։
«Այս պահին 2017 թվականի հրդեհները մեր աչքի առաջ ունենալով պետք է զգոն լինենք։ Մենք անհանգստացած խոսում ենք Թուրքիայի հրդեհների մասին, բայց ոչ ոք չի խոսում այս պահին թշնամու կողմից գրավյալ մեր տարածքների հրդեհների մասին։ Օրինակ, այս և նախորդ գիշեր հրդեհ էր բռնկվել Նռնաձորում ու տասը հեկտար ոչնչացվել է։ Մյուս հարակից տարածքները, որոնք այս պահին թշնամու տիրապետության տակ են, ևս այրվում է, հավանական է, որ հենց թշնամին էլ հրդեհում է»,-բարձրաձայնում է Ն․ Կիրակոսյանն ու փաստերով խոսում․ «Վերջին շրջանում այցելեցի Արցախ և Արցախի Բերձորի տարածքից սկսած իրենք արդեն հրդեհում էին, դրանք մարդածին հրդեհներ էին։ Բերձորի, Քարվաճառի տարածքներում, Նռնաձորի հատվածը՝ Մեղրի տանող այդ ճանապարհը, ամբողջ Կապանի ձախակողմյան հատվածը և թշնամու կողմից գրավյալ Արցախի Քաշաթաղը, որն իրենք Զանգելան են ասում, պարբերաբար հրդեհում են։ Հրդեհի ծուխը հասնում էր մինչև Գորիս, որի ողջ տարածքը ծխով էր պատված։ Երբ մենք մոտեցանք, հասկացանք, որ իրենք իսկապես մտածված են հրդեհում, քանի որ ջերմային ռումբերով են կրակում, ես դա որպես ականտես եմ ասում»։

Բնապահպանի դիտարկմամբ, թշնամու համար միևնույն է, թե մենք ինչ ենք մտածում, քանի որ նա այս անգամ նպատակ է դրել մեզ այդ տարածքից ծխով դուրս հանի․ «Առաջին հերթին այդ ծուխը վնասում է մեր թոքերը, իսկ կորոնավիրուսի պայմաններում մեզ մաքուր թթվածին է պետք։ Իսկ թթվածնի պակասից առաջանում են թոքերի հիվանդությունների, ալերգիաների, ասթմաների սրացում, հիմնականում առաջանում են շնչառական խնդիրներ։ Այս կորոնավիրուսի պայմաններում կրկնապատկում է նաև հիվանդության տարածումն ու վարակման դեպքում ծանր տանելը։ Գլոբալ առումով, այդ հրդեհներից վատ արտանետումները աղտոտում են ընդհանուր մթնոլորտը և կապ չունի հրդեհը Թուրքիայի, թե՝ Հայաստանի տարածքում է, դրանք մեծ աղետ են բերում տարածաշրջանին։ Չեմ կարծում, որ թշնամին մտածում է բնության մասին, որովհետև հատկապես Քարվաճառում ջերմային ռումբեր էին օգտագործում, որ վերացնեն ասեղնատերև ծառատեսակները, որոնք ֆիտոցիդներ են արտադրում և մաքրում օդը։ Դրանից է կախված նաև մարդու առողջությունը։ Ասեղնատերևների ոչնչացման պատճառով են տարածվում այդ վիրուսները, որովհետև բնությունը չի կարողանում ինքնամաքրվել»,- կարևորում է զրուցակիցը։
Eco.am-ի հետ զրույցում բնապահպանը ևս մի կարևոր, բայց ցավալի փաստ արձանագրեց․ «Մեր ջրային այն հատվածները, որտեղ ջրագոյացում է լինում ձնհալից հետո, ադրբեջանցիները գրավել են և զրկել են մեզ ջրից։ Մինչև գոնե առնվազն ձյան գալը մեզ խիստ անհրաժեշտ է մեր լճերը, ավազանները վերադարձնել մեր տիրապետության տակ, որովհետև թշնամին այդ ջրերը դեպի իրենց կողմ տանելու ակտիվ աշխատանք է կատարում։ Մենք զրկվում ենք ջրից, իսկ դա նշանակում է կլիման դեպի ավելի չորային՝ անապատացում է գնում։ Թշնամին այսօր ավելի է արագացնում այդ գործընթացը։ Շուտով կանգնելու ենք ստորգետնյա, արտեզյան ջրերի մեծ դեֆիցիտի առաջ ինչն էլ երկիրը տանում է բնապահպանական աղետի»,- եզրափակեց բնապահպան Ն․ Կիրակոսյանը։






Թողնել մեկնաբանություն