Այսօր Հայաստանում նշվում է որպես բնության հատուկ պահպանվող տարածքների օր

https://eco.am/%d5%a1%d5%b5%d5%bd%d6%85%d6%80-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b6%d5%b7%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%b8%d6%80%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a2%d5%b6%d5%b8%d6%82/

2021թ. սեպտեմբերի 2-ին Կառավարության նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների օրը նշելու մասին» Կառավարության որոշումը:
Հայաստանը գտնվում է տարածաշրջանի բուսական և կենդանական աշխարհների ձևավորման կարևոր մարզերի հանգուցակետում, ինչպես նաև հանդիսանում է միգրացվող կենդանիների և չվող թռչունների տարանցիկ ճանապարհների խաչմերուկ: Արդյունքում՝ երկրի ոչ մեծ տարածքում (մոտ 30 հազ.կմ2 ) աճում են շուրջ 3800 տեսակի բարձրակարգ բույսեր, 428` հողային և ջրային ջրիմուռներ, 399` մամուռներ, 4207` սնկեր, 464` քարաքոսեր, բնակվում են 549 ողնաշարավոր և շուրջ 17200 տեսակի անողնաշարավոր կենդանիներ:
Կենսաբազմազանության պահպանությունը Հայաստանում հիմնականում իրականացվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ), որտեղ կենտրոնացված է ֆլորայի և ֆաունայի տեսակային կազմի 60-70 %-ը, այդ թվում՝ հազվագյուտ, կրիտիկական վիճակում գտնվող, վտանգված և էնդեմիկ տեսակների ճնշող մեծամասնությունը: Ներկայումս հանրապետությունում գործող բնության հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 387054 հա կամ ՀՀ ընդհանուր տարածքի 13.1 տոկոսը: ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների հարուստ կենսաբազմազանությունը, բազմաբնույթ գեղատեսիլ լանդշաֆտային տիպերը, գիտական, տնտեսական մեծ պոտենցիալը, բնապատմական ժառանգությունը և բազմաթիվ պատմամշակութային հուշարձանների առկայությունը հնարավորություն են տալիս իրականացնելու գիտական ուսումնասիրություններ, տնտեսական և ռեկրեացիոն տարբեր ձևեր, ինչպես նաև էկոտուրիզմի տարբեր ձևեր, համակցված տուրեր և արշավներ:
Հայաստանում առկա բնության հատուկ պահպանվող տարածքները ներառում են՝
3 պետական արգելոց («Խոսրովի անտառ», «Շիկահող» և «Էրեբունի»), զբաղեցնում են 35 439.6 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 1.19 %-ը,
4 ազգային պարկ («Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ» և «Արևիք»), զբաղեցնում են 236 802.1 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 7.96 %-ը,
232 բնության հուշարձան,
27 պետական արգելավայրեր, որոնք զբաղեցնում են 114 812.7 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 3.95 %-ը:
Սիրելի հայրենակիցներ, ձեր առօրյա կյանքում ու կենսագործունեության ընթացքում, գտնվելով բնության գրկում, այցելելով մեր անզուգական բնաշխարհի չքնաղ անկյուններն ու բնական հուշարձանները, դրսևորե՛ք բարձր քաղաքացիական ինքնագիտակցություն և հոգատար վերաբերմունք ցուցաբերե՛ք մեր անկրկնելի բնական հարստությունների նկատմամբ։
Հայաստանի բնությունը մեր ընդհանուր հարստությունն է, իսկ դրա մասին հոգ տանելը` յուրաքանչյուրիս պարտավորությունը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։