Մարտի 20-ը աստղագիտական գարնան սկիզբն է․ գարնանային գիշերահավասար

https://eco.am/%d5%a1%d5%b5%d5%bd%d6%85%d6%80-%d5%a1%d5%bd%d5%bf%d5%b2%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a3%d5%a1%d6%80%d5%b6%d5%a1%d5%b6-%d5%bd%d5%af%d5%ab%d5%a6%d5%a2%d5%b6-%d5%a7%e2%80%a4-%d5%a3/

Մարտի 20-ին Երևանի ժամանակով 07:06-ին Արեգակը երկնքի հարավային կիսագնդից կանցնի հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբը կլինի: Eco.am  սոցիալական հարթակը Բյուրականի աստղադիտարանից տեղեկացավ, որ գարնանային գիշերահավասարին Արեգակը կգտնվի Երկրի հասարակածի հարթության մեջ:

Օրը կոչվում է գարնանային գիշերահավասարի օր, քանի որ գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Նշենք, որ խոսքն Արեգակի` հորիզոնից բարձր և ցածր գտնվելու տևողության մասին է: Իրականում օրվա լուսավոր մասն ավելի երկար կլինի, քանի որ գումարվում են նաև առավոտյան և երեկոյան մթնշաղի ժամերը:

Տարիներ առաջ գարնանային գիշերահավասարը մարտի 22-ին էր, և ավագ սերնդի մոտ դեռևս կա այդ կարծրատիպը։ Սակայն ամեն տարի այն թեթևակի փոխվում է և տեղի է ունենում ավելի վաղ: Այդ փոփոխության պատճառը Երկրի պրեցեսիան է. նրա պտտման առանցքը ժամանակի ընթացքում տեղաշարժվում է՝ մոտ 25772 տարում կատարելով մեկ լրիվ պտույտ: Մոտ 70 տարին մեկ այդ կետը տեղաշարժվում է մեկ օրով դեպի առաջ: Աստղագետները գարնանային գիշերահավասարի կետի հետ են կապում երկնային հասարակածային կոորդինատների հաշվանքի համակարգը. այդ կետից է սկսվում կոորդինատներից մեկի` ուղղակի ծագման հաշվարկը:

Մեր՝ հայերիս կողմից ամենասիրված եկեղեցական շարժական տոներից մեկի` Զատիկի օրվա հաշվարկը նույնպես կապված է գարնանային գիշերահավասարի հետ: Ամեն տարի Զատիկի օրը գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնից հետո եկող կիրակին է, և այս տարի այն նշվելու է մարտի 31-ին:

Նախկինում գարնանային գիշերահավասարի օրը Հայաստանում համարվում էր տարվա սկիզբ։ Որոշ իսլամական երկրներում (մասնավորապես Իրանում) գարնանային գիշերահավասարի օրը ներկայումս էլ համարվում է նոր տարվա սկիզբը (Նովրուզ), որն ի դեպ ծագում է դեռ զրադաշտական կրոնի ժամանակներից և շուրջ 3000 տարվա պատմություն ունի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ճիշտ կազմակերպեք ձեր գարնանային բացօթյա ժամանցը՝ պիկնիկը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով