Ճիշտ կազմակերպեք ձեր գարնանային բացօթյա ժամանցը՝ պիկնիկը

https://eco.am/%d5%b3%d5%ab%d5%b7%d5%bf-%d5%af%d5%a1%d5%a6%d5%b4%d5%a1%d5%af%d5%a5%d6%80%d5%ba%d5%a5%d6%84-%d5%b1%d5%a5%d6%80-%d5%a3%d5%a1%d6%80%d5%b6%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a2%d5%a1%d6%81%d6%85/

Եղանակային անակնկալներով լեցուն խենթ մարտ ամիսը շուտով անցյալում կլինի, նշանակում է, որ գարնանային արևոտ ու պայծառ օրերն առջևում են։ Ուստի ժամանակն է պլանավորել ձեր բացօթյա ժամանացը՝ պիկնիկը։

Ձեր պիկնիկը ճիշտ կազմակերպելու, ավելորդ քաշքշուկներից ու նյարդային պահերից խուսափելու համար, հետևեք Eco.am-ի առաջարկած ուղեցույցին։

Նախ ընտրեք վայրը

Առաջին հերթին կարևոր է, որպեսզի նախապես ընտրեք վայրը, այլապես ստիպված կլինեք հանգստի համար նախատեսված ժամանակահատվածից մոտավորապես 2 ժամը կորցնել վայրի ընտրության վրա։

1․ Պարտադիր չէ բացօթյա ժամանցի համար դուրս գալ քաղաքից, կարող եք ընտրել ցանկացած այգի, որտեղ հնարավոր կլինի անցկացնել ձեր ժամանացը։

2․ Ուսումնասիրեք շրջապատը և պարզեք, թե ձեր տան մոտակայքում կամ քաղաքի կենտրոնում ինչպիսի հրաշալի վայրեր են հարմար՝ պիկնիկի համար:

3․ Հիշե՛ք, որ շաբաթ և կիրակի օրերին դուք միակը չեք, որ ցանկանում եք վայելել բուտերբրոդներ կամ խորոված՝ բնության գրկում։ Ուստի լավ կլինի հանգստի գոտի գալ ավելի վաղ։

Վերցրե՛ք անհրաժեշտ իրեր

Եթե արդեն ընտրեցիք վայրը, ժամանակն է առանձնացնել անհրաժեշտ իրերը։

1․  Անձրևանոց, որի կարիքը կզգաք թե՛ անձրևի, թե՛ արևի ժամանակ։

2․ Սրբիչ կամ ծածկոց, որի վրա հարմար կլինի նստելը։ Կարող եք վերցնել նաեւ յոգայի գորգ:

3․ Մեկանգամյա օգտագործման սպասք՝ ափսե, բաժակ։

4․ Չոր և թաց անձեռոցիկներ, որոնք անհրաժեշտ են բացօթյա հանգստի համար։

5․ Չմոռանաք ձեզ հետ վերցնել նաև աղբի տոպրակ, որպեսզի ձեզնից հետո մաքրեք տարածքը՝ բնությունը չաղտոտելու համար:

6․ Վերցրեք արևապաշտպան քսուքներ, եթե արևի տակ եք լինելու:

7․ Անպայման ձեզ հետ ունեցեք առաջին օգնության համար նախատեսված դեղատուփ։

8․ Ամեն դեպքում, եթե նախատեսում եք պիկնիկն անցկացնել քաղաքից դուրս և մտադիր եք խորոված անել, ապա չմոռանաք ձեզ հետ վերցնել վառելափայտ, կամ ածուխ։

Հոգացեք նաև սննդի մասին

Շատ կարևոր է նաև սնունդը, քանի որ բնության գրկում ախորժակն ավելի է բացվում, հատկապես, եթե ձեզ հետ երեխաներ կան։ Բայց, հաշվի առեք, որ ձեզ հետ վերցրած սնունդը ոչ մի դեպքում չպետք է ծանր լինի: Օրինակ, կարելի է վերցնել գազար, բանան, կարկանդակներ, պոպ-կորն, արևածաղկի սերմեր և այլն:

1․ Ցանկալի է նախապատվությունը տալ բանջարեղենին և մրգերին: Սննդամթերքի ամենահարմար տեսակը, որը չի պահանջում եփել: Պարզապես անհրաժեշտ է նախապես լվացնել, դրսում ավելորդ անհարմարություններից խուսափելու համար։

2․ Բուտերբրոդներ, կեքսեր, թխվածքաբլիթներ՝ շատ քիչ քաշ ունեցող սնունդ, որը կբավարարի քաղց, որը ևս չի պահանջում հատուկ սպասք կամ տաքացում:

3․ Եթե նախատեսել եք պիկնիկին խորոված ուտել, ապա անհրաժեշտ է նախապես, տանը մարինացնել միսը և ամբողջ գիշեր այն թողնել սառնարանում։

4․ Չմոռանաք խմելու ջրի մասին, որը միշտ քիչ է լինում: Վերցրեք հենց խմելու ջուրը, քանի որ նախ քաղցր հյութերը չեն հագեցնում ծարավը, և հետո, անհրաժեշտության դեպքում ջրով կարող եք լվացնել ձեռքերը կամ դեմքը:

Ժամանցը հագեցրեք նաև խաղերով

Պիկնիկի իմաստը հենց շփումն ու բարձր տրամադրությունն է՝ ոչ թե ուտելը: Իսկ բարձր տրամադրության համար պետք է խաղեր կազմակերպել, կիթառ նվագել, անեկդոտներ պատմել ու պարզապես զրուցել: Դրա համար, լավ կլինի ձեզ հետ վերցնեք խաղաքարտեր, կիթառ (եթե, իհարկե, կարողանում եք նվագել), թուղթ և գրիչ, բադմինտոն, գնդակ։

Պիկնիկի ամենաառաջադեմ սիրահարները անպայման իրենց հետ վերցնում են նաև սմարթֆոն ՝ լիարժեք լիցքավորմամբ, շարժական լիցքավորիչով և շարժական բարձրախոսով ՝ երաժշտություն լսելու համար: Գուցե ցանկություն ունենաք պարել ու սելֆիներ անել:

Որպեսզի օրը հիշվի երկար ժամանակ, պետք է շատ լուսանկարվել, դրա համար չմոռանաք անհրաժեշտ իրերի շարքը համալրել նաև լուսանկարչական ապարատով:

Ամենավերջում, ձեզնից հետո անպայման հավաքեք կուտակած աղբը, որպեսզի այգին բերեք նախնական տեսքի։ Իսկ մինչ այդ՝ բարի ժամանց։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով