Ամենավտանգված թռչնատեսակներից մեկը՝ մորուքավոր անգղ

https://eco.am/%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6%d5%a1%d5%be%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a3%d5%be%d5%a1%d5%ae-%d5%a9%d5%bc%d5%b9%d5%b6%d5%a1%d5%bf%d5%a5%d5%bd%d5%a1%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d6%81-%d5%b4%d5%a5%d5%af%d5%a8%d5%9d/

Գառնանգղը /մորուքավոր անգղ, Lammergeier, Gypaetus barbatus/ համարվում է թռչունների եվրոպական տեսակների մեջ ամենավտանգվածներից մեկը, քանի որ վերջին հարյուրամյակի ընթացքում նրա թվաքանակն ու բազմացման արեալը կտրուկ կրճատվել է։ Տեսակն առավել տարածված է Եթովպիայում, որտեղ որոշ հաշվարկներով բնադրում է շուրջ 1400-2200 առանձնյակ։ 20-րդ դարի սկզբում տեսակը Եվրոպայի տարածքում գրեթե վերացել էր և միակ հիմնական ապրեվայր էր հանդիսանում Պիրենեյները։ Սակայն հետագայում ստացվել է նաև գառնանգղերին վերադարձնել Ալպեր, այնտեղից նաև՝ Ֆրանսիա։Մարդկության զարգացման և ենթակառուցվածքների ընդլայնման հետ մեկտեղ բազմաթիվ գիշատիչ թռչնատեսակներ արձանագրել են թվաքանակի անկում պայմանավորված հիմնականում նրանց ապրելավայրերի կրճատումով։Աշխարհի մակարդակով հազվագյուտ համարվող այս տեսակը գրանցված է նաև ՀՀ կենդանիների կարմիր գրքում, համարվում է սակավաթիվ և վտանգված տեսակ: ՀՀ կարմիր գրքի տվյալների համաձայն՝ թվաքանակը կազմում է 8-10 բնադրող զույգեր, սակայն վերջին տարիներին նկատվում է թվաքանակի կայունացում։ Թռչնաշխարհի ուսումնասիրությամբ զբաղվող «ԱրԱվես» ՀԿ կողմից մշտապես ուսումնասիրվում է Կովկասյան կենսաբազամազանության տարածքում (CWR) բնադրող մորուքավոր անգղերի կենսակերպը։ Թռչունները մշտապես գտնվում են նաև CWR անտառապահների պահպանության ներքո։ ՀՀ ԿԳ տվյալներով՝ գառնանգղի  թվաքանակի վրա ազդում է թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսական և անտառային տնտեսություններում, ապօրինի որսը, թակարդներով բռնելը, ինչպես նաև կերային ռեսուրսների կրճատումը:Մորուքավոր անգղը բնադրում է առավելապես բարձր լեռների ժայռոտ տեղամասերում, գերադասելով խորը ժայռոտ կիրճերը, որպես կանոն` ծ.մ. 800-2000 մ բարձրություններում: Ձվադրում է հունվարի սկզբից մինչև փետրվարի կեսերը: Տարեկան ձվադրում են մեկ ձու: Սնվում է կենդանիների դիակներով, հիմնականում` մանր և միջին չափերի, երբեմն՝ խոշոր եղջերավոր կենդանիների:CWR անտառապահ Մանուկ Մանուկյանին հաջողվել է գառնանգղի այս առանձնյակից այսպիսի գեղեցիկ և յուրահատուկ լուսանկարներ ստանալ, չէ՞ որ վայրի բնության մեջ վայրի կենդանուն լուսանկարելու համար առանձնահատուկ հմտություններ են անհրաժեշտ։Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը հանդիսանում է մասնավոր պահպանվող գոտի, որտեղ անթույլատրելի է որսը, ինչպես նաև բնության հանդեպ իրականացվող ցանկացած ապօրինություն։ Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով