Ամբողջ աշխարհում հողերը կորցնում են կալիումը՝ վտանգի տակ դնելով բերքը

https://eco.am/%d5%a1%d5%b4%d5%a2%d5%b8%d5%b2%d5%bb-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b0%d5%b8%d5%b2%d5%a5%d6%80%d5%a8-%d5%af%d5%b8%d6%80%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-%d5%af/

Ինչպես հայտնում են Լոնդոնի հետազոտական կենտրոնի, Էդինբուրգի համալսարանի և Մեծ Բրիտանիայի Էկոլոգիայի և հիդրոլոգիայի կենտրոնի հետազոտողները, գյուղատնտեսական հողահանդակներում կալիումի դեֆիցիտը չճանաչված, բայց պոտենցիալ սպառնալիք է՝ համաշխարհային պարենային անվտանգության համար։

Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ կալիումը պատկանում է այն տարրերի թվին, որի կարիքն ունեն բույսերն իրենց աճի համար։ Այն բույսին է անցնում արմատների միջով հողի խոնավության մեջ լուծված աղերի ձևով, բայց հողի մեջ կալիումի լուծելի աղեր քիչ կան: Այդ պատճառով էլ առանց պարարտանյութի ցանքից հետո հողն աղքատանում է կալիումի աղերից և բերքատվությունը նվազում է։

Ֆերմերները հաճախ իրենց դաշտերը հարստացնում են կալիումական  պարարտանյութերով, սակայն կալիուամական պարարտանյութերի թանկացումը և դրանց մատակարարման հետ կապված խնդիրները կարող են խոչընդոտել դրա օգտագործմանը։

Հետազոտողները հայտնում են, որ ամբողջ աշխարհում գյուղատնտեսական հողերի մոտ 20%-ը բախվում է կալիումի խիստ պակասի, որի հետ կապված որոշակի շրջաններ ամենայն հավանականությամբ ավելի շատ գյուղատնտեսական կորուստներ կունենան, այդ թվում՝

1․Հարավ-արևելյան Ասիայի գյուղատնտեսական հողերի 44%,

2․Լատինական Ամերիկայում՝ 39%,

3․Սահարայի հարավում գտնվող Աֆրիկայում՝ 30%–ը,

4․ Արևելյան Ասիայում՝ 20%։

Ներկայումս կալիումական պարարտանյութերի արտադրության 80% -ը բաժին է ընկնում Կանադային, Ռուսաստանին, Բելառուսին և Չինաստանին։

Միայն 2021 թվականին կալիումի սպառումը հասել է 45 միլիոն տոննայի, ըստ  հետազոտողների կանխատեսումների մինչև 2025 թվականը համաշխարհային արտադրությունը  կհասնի 69 միլիոն տոննայի։

Կալիումական պարարտանյութերի արտադրությունը զգալի ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա: Կալիումական պարարտանյութերի արտադրությունը միլիոնավոր տոննա աղբ է առաջացնում, որը հիմնականում կազմված է նատրիումի քլորիդ աղերից և թափվելով հողի մեջ՝  վնասում է բույսերին ու կենդանիներին։

Հետազոտական կենտրոնն առաջարկում է ստեղծել միջկառավարական համագործակցային հարթակ, որպեսզի մշակվի արտադրման, օգտագործման և մոնիթորինգի  գլոբալ քաղաքականություն, ինչպես մշակվել է ազոտի համար։

Մանրամասը՝ այստեղ․

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ներկայացվել է Հայաստանում գոմաղբի և հողերի կառավարման գործելակերպի հարցման արդյունքները

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով