Ամանորը նշեք ընտանեկան միջավայրում.ԱՆ

https://eco.am/%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b6%d5%b8%d6%80%d5%a8-%d5%b6%d5%b7%d5%a5%d6%84-%d5%a8%d5%b6%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a5%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%be%d5%a1%d5%b5%d6%80%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a1/

Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով քաղաքացիներին կոչ է արել ամանորյա տոները նշել ընտանեկան միջավայրում, հյուրեր չընդունել՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի տարածման ռիսկով: Ստորև ներկայացնում ենք  ՀՀ առողջապահության նախարարության հայտարարությունը.

«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, իսկ Մեծ Բրիտանիայի առողջապապահության նախարարությունը հայտարարել է կորոնավիրուսի նոր տիպի մասին, որը տարբերվում է իր բարձր վարակելիությամբ։Հաշվի առնելով տոնական օրերի ընթացքում շփումները՝ մեծանում է կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը։ Հարկ է նշել նաև, որ, բացի կորոնավիրուսային հիվանդությունից, տարվա այս եղանակին բնորոշ է նաև գրիպի և այլ սուր շնչառական վիրուսների շրջանառությունը, որոնց կլինիկական դրսևորումները և կանխարգելման միջոցառումները գրեթե նույնն են։Մի շարք երկրներ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով Ամանորին ընդառաջ գնացել են նոր սահմանափակումներ կիրառելու ուղղությամբ։ Օրինակ, ի թիվս մի շարք միջոցառումների, Գերմանիայում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների ընթացքում կկիրառվեն խիստ սահմանափակումներ՝ կփակվեն առևտրի կենտրոնները, կսահմանափակվի տնային միջոցառումների ժամանակ մասնակիցների քանակը, իսկ ռեստորաններն ու ժամանցի այլ վայրերն արդեն փակ են։ Իսպանիան ևս սահմանափակել է մասնակիցների քանակը միջոցառումների ժամանակ՝ առավելագույնը 6 անձ։ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում 65 տարեկանից բարձր և ռիսկի մյուս խմբերի անձինք կմնան ինքնամեկուսացած մինչև հունվարի 15-ը։ Վրաստանը ևս անցել է խիստ սահմանափակումների. ռեստորաններն ու բարերը կաշխատեն՝ մատուցելով միայն առաքման ծառայություններ, մեծ քաղաքներում չի գործի հանրային տրանսպորտը, չեն աշխատի բաց ու փակ շուկաները և այլն։Ամանորին ընդառաջ՝ կորոնավիրուսային հիվանդությունից (COVID-19), գրիպից և սուր շնչառական այլ վարակներից, ինչպես նաև դրանց բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.

  • սահմանափակե՛ք շփումները, խուսափե՛ք մարդաշատ վայրեր և զանգվածային միջոցառումներ, այդ թվում՝ ամանորյա հանդեսներ և ներկայացումներ հաճախելուց,

  • ամանորյա տոները նշե՛ք ընտանեկան միջավայրում՝ հյուրեր մի՛ ընդունեք,

  • պարտադիր կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորություն և հետևե՛ք ձեռքերի հիգիենային,

  • եթե տանն ունեք կորոնավիրուսային հիվանդությամբ կասկածելի կամ հաստատված դեպք, նշված անձի հետ շփվելիս պահպանե՛ք առնվազն 1.5 մ հեռավորություն և պարտադիր կրե՛ք դիմակ, մի՛ ընդունեք հյուրեր,

  • հաճախակի լվացե՛ք ձեռքերը կամ անհնարինության դեպքում մշակե՛ք 70%-անոց ալկոհոլի հիմքով ախտահանիչով,

  • սովորեցրե՛ք Ձեր երեխաներին հիգիենայի կանոնները և հետևե՛ք դրանց պահպանմանը,

  • սուր շնչառական հիվանդության ախտանշաններ (ջերմություն, հազ, հարբուխ) ի հայտ գալու դեպքում անմիջապես կապ հաստատե՛ք Ձեր պոլիկլինիկայի բժշկի (թերապևտի, մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի) հետ: Մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ,

  • մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և այլ վիրուսային վարակների բուժման համար,

  • պատվաստվե՛ք սեզոնային գրիպի դեմ:

Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ»:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։