«Վեոլիա ջուր»-ը լցրել է բաժանորդների համբերության բաժակը

https://eco.am/%d5%be%d5%a5%d5%b8%d5%ac%d5%ab%d5%a1-%d5%bb%d5%b8%d6%82%d6%80-%d5%a8-%d5%ac%d6%81%d6%80%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a2%d5%a1%d5%aa%d5%a1%d5%b6%d5%b8%d6%80%d5%a4%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b0/

Հաճախակի ջրանջատումներ, ջրի որակի անկում ու ջրից թունավորման դեպքեր։ Սրանք վերջին շրջանում հաճախակի են դարձել, իսկ Հայաստանում միակ ջրամատակարարման պատասխանատու «Վեոլիա ջուր» ընկերութունում այս մասին, կարծես թե, ո՛չ լսել, ո՛չ տեսել է, և ո՛չ էլ առանձնապես հետաքրքրում է բաժանորդներին պատճառած անհարամարություների համար գոնե տարրական ներողություն խնդրելը։ Թեպետ՝ երբեմն պատահում է, սակայն դա լինում է այն ժամանակ, երբ արդեն այդ ներողությունով ինչ-որ բան փոխելն ուշ է լինում։

Eco.am սոցիալական հարթակը ընթերցողներից հաճախակի է դժգոհություններ ստանում՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի պատճառած անհարամարությունների մասին։ Ինչն էլ պատճառ հանդիսացավ, որպեսզի վերլուծություն կատարենք այս ընկության գործունեության մասին և՛ օնլայն հարթակում, և՛ իրական կյանքում։

Օրինակ՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողություն ֆեյսբուքյան խմբում մի շարք օգտատերեր բողոքում են «Վեոլիա ջուր» ընկերության աշխատանքներից՝ նշելով, որ արդեն մի քանի օր է՝ պարբերաբար ջրանջատումներ են լինում, որոնց վերաբերյալ ընկերությունը նախապես չի զգուշացնում։ «Վեոլիա ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողություն ֆեյսբուքյան խմբում բողոքների թիվը հասնում է մի քանի տասնյակի։ Այդ առթիվ խմբի օգտատերերը, բազմահազար խմբակիցների անունից, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, Ջրային կոմիտեին և ՀՀ Կառավարությանը դիմում-նամակ են հղել:

«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին «Վեոլիա»-ի անօրինական ջրանջատումներից և ջրի որակի վատթարացումից ազատվելու համար, պարտադրել Վեոլիային փոխել բաժանորդների հետ պայմանագրային կետերը.

1. Ջրանջատումների համար սահմանել մինիմալ ժամաքանակ՝ ամսեկան ոչ ավել 8 ժամ տեւողությամբ, տարեկան՝ 76 ժամ։

2. Ջրի որակի ստուգումների ակտը հրապարակել ամեն ամիս։

Պայմանները խախտելու դեպքում՝ տուգանքից բաժանորդներին հատկացնել փոխհատուցում»,- մասնավորապես ասված է դիմում-նամակում։

Ընկերության հաճախորդները հիմնականում դժգոհում են, որ ջրանջատումները եղել են առանց զգուշացման և չեն կարողացել կարգավորել իրենց աշխատանքները։

Օնլայն հարթակից դուրս էլ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի աշխատանքի դեմ բողոքների պակաս չի զգացվում։

Օրինակ, 15 թաղամասում ջրամատակարարումը 90-ական թվականներն են հիշեցնում, քանի որ այս թաղմասում ջուրը բնակիչներին մատակարարվում է ժամով՝  երեկոյան ժամը՝ 11:00-ից հետո ջուրն այստեղ կտրվում է։ 15 թաղամասի բնակիչները հիմնականում դժգոհում են, որ եթե, ասենք, աշխատանքից վերադառնում ես կեսգիշերին, զրկված ես տարրական հիգիենան պահպանելու բոլոր կանոններից։ Ամենասարսափելին հենց ամռանն է տեղի ունենում, 15 թաղամասի բնակիչները  ստիպված են էլեկտրական ջրատաքացուցիչով՝ «կիպիտելնիկով» ջուր տաքացնել ու 90-ականների նման բաժակ-բաժակ լողանալ։

Ի ԴԵՊ

Ֆրանսիական «Վեոլիա Գրուպը» (պաշտոնական անվանումը՝ «Վեոլիա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» կոմանդիտային բաժնետիրական ընկերություն), որը 2006-2016թթ. կառավարել է մայրաքաղաքի ջրմուղ-կոյուղին՝ ի դեմս «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի, հաղթող ճանաչվելով ՀՀ Կառավարության հայտարարած միջազգային մրցույթում, իրավունք ստացավ կառավարել արդեն հանրապետության ջրմուղ-կոյուղու բոլոր համակարգերը: Ծրագրի իրականացման նպատակով վերջինիս կողմից հիմնադրվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն, որը 2016թ. նոյեմբերի 21-ին կնքված «Վեոլիա Գրուպ» – «Վեոլիա Ջուր ՓԲԸ» – «ՀՀ ԷԵԲՊ-ի Ջրային տնտեսության պետական կոմիտե» եռակողմ վարձակալության պայմանագրով 2017թ. հունվարի 1-ից 15-ամյա ժամկետով ստանձնել է միասնական օպերատորի պարտականությունները:

Ստացվում է, որ հայ բաժանորդները դեռ 9 տարի էլ պետք է հանդուրժեն «Վեոլիա ջրին»։

 Մի քանի փաստեր «Վիոլյա ջրի» կողմից բաժանորդներին պատճառած անհարամարություններից.

Այս տարիների ընթացքում «Վեոլիա Ջուր ՓԲԸ»-ի անբարեխիղճ աշխատանքի արդյունքում բազմաթիվ բողոքներ են գրանցվել՝ հայաստանյան բաժանորդների կողմից։

Eco.am սոցիալական հարթակն ուսումնասիրել և ներկայացնում է մի քանի փաստեր՝ «Վիոլյա ջրի» դեմ բաժանորդների բողոքներից, մասնավորապես․

1․2018 թվականին «Վեոլիա ջուր» ընկերության խաբված բաժանորդները 50-ից ավելի դիմում-բողոքներ էին ներկայացրել «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ-ին։ Քաղաքացիներից ստացված գրեթե բոլոր բողոքները նույնանման էին: Պարզվում է՝ «Վեոլիա ջուր» ընկերության մասնագետներն այցելում էին բնակարաններ, փոխում ջրաչափերը և առանց որևէ արձանագրություն կազմելու դրանք տանում էին իրենց հետ: 20 օր անց ակտ էր գալիս բնակիչներին, որ արտաքին միջամտության հետքեր կան ջրաչափերի վրա, և նշանակում էին տուգանք՝ մոտավոր 50 հազար դրամի չափով: Արդյունքում՝ Գլխավոր դատախազությունը լայնամասշտաբ քննություն էր սկսել, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հարուցվեց վարչական վարույթ, ինչի արդյունքում «Վեոլիա ջուր» ընկերությունը տուգանվեց 5 մլն դրամի չափով։

2․ 2021 թվականից մինչև այսօր էլ ընկերությունը դեռևս շարունակում է տհաճ անակնկալ մատուցել՝ անջատել բաժանորդների ջուրը՝ առանց նախապես ծանուցման։ Ընդ որում, ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում։

3․ 2022 թվականին, քաղաքացիների կողմից բողոքներ էին արձանագրվում ջրի որակի մասին։ Ահազանգերը մասնավորապես գրանցվում էին Էրեբունի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններից։ Ըստ այդ բողոքների, «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող ջուրը վերոնշյալ վարչական շրջաններ հասնում էր աղոտված՝ պղտորված, ժանգագույն և տհաճ բույրով։ Ըստ բնակիչների, ջրի որակից ծորակներն աղակալում են կամ՝ ժանգոտվում։

4․ Իսկ վերջերս էլ, քաղաքացիներն ահազանգել էին, որ «Վիոլա ջուրը» ընկերության նոր «բարեփոխումների» շնորհիվ, ջրաչափերի ժամկետը լրանալուց հետո, այն նորով փոխարինելու ժամանակ, եթե անգամ թեթևակի անսարքություն են հայտնաբերում, քաղաքացիներն անձամբ են ջրաչափը բերում Ջրաչափերի չափագրման և վերանորոգման ծառայության կետ։ Իսկ վերոնշյալ կետ հասնելու համար, որը գտնվում է Երևանի Շիրակի 94 հասցեում, ստիպված են մի քանի տրանսպորտ փոխելուց բացի նաև հաղթահարել ագրեսիվ շների մի ամբողջ ոհմակի։ Ըստ քաղաքացիների, իրենք երկընտրանքի առաջ են կանգնած, քանի որ ստիպված են կամ՝ ենթարկվել ագրեսիվ շների հարձակմանը, կամ՝ ջրաչափը ձեռքին ինքնակամ չներկայանալու դեպքում «Վիոլա ջուրը» 10 օրը լրանալուց հետո` ինքնուրույն որոշում կկայացնի` առանց քաղաքացու ներկայության: Համենայնդեպս, քաղաքացուն պատճառած նման անհարմարության համար «Վիոլա ջրից» պատասխանել են, որ մեղավոր է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, բայց՝ ոչ իրենք։

Այնուամենայնիվ, սրանք աղմուկ հանած մի քանի դեպքերն են, իսկ առօրյայում ընկերության կողմից բաժանորդներին պատճառած վնասներն ու անհարմարություններն ավելին են։

Այս պահին խոսենք մեկ վնասի մասին. Հաճախակի ջրանջատումների հետեւանքով համաքաղաքացիներն ապահովության համար որոշակի քանակով ջուր են պահեստավորում տանը՝ տարբեր տարաների մեջ։ Գաղտնիք չէ, որ հայ տանտիկինները հիմնականում ալյումինե կամ պլաստմասե տարաների մեջ են ջուր պահեստավորում։ Իսկ որոշակի ժամանակ ջուրը, հատկապես ամռանը, պլաստմասե տարայի մեջ դառնում է լպրծուն ու ոչ պիտանի՝ սննդի մեջ օգտագործելու կամ խմելու համար։ Ալյումինե տարայի մեջ սնունդը կամ ջուրը արդեն պիտանի չեն, քանի որ ալյումինը թունավոր նյութեր է արտադրում, որն էլ բնականաբար փոխանցվում է հենց դրա մեջ լցված սննդին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով