Սևանում Tri4All եռամարտի մրցույթին զուգահեռ իրականացվել է լճի պահպանությանն ուղղված իրազեկության բարձրացման արշավ

https://eco.am/%d5%bd%d6%87%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-tri4all-%d5%a5%d5%bc%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%bf%d5%ab-%d5%b4%d6%80%d6%81%d5%b8%d6%82%d5%b5%d5%a9%d5%ab%d5%b6-%d5%a6%d5%b8%d6%82%d5%a3%d5%a1%d5%b0%d5%a5/

Սեպտեմբերի 10-ին  «Կապուտակ Սևանի» լողափին արդեն 9-րդ անգամ տեղի ունեցավ ավանդական դարձած և հանրության շրջանում մեծ հետաքրքրություն ձեռք բերած «Tri4All» (Թրայ Ֆոր Օլ) եռամարտի մրցույթը:

Այն հանդիսանում է օլիմպիական մարզաձև և իր մեջ ներառում է  երեք բաղադրիչ․

1․ լող,

2․հեծանվային սպորտ,

3․վազք։

Մրցույթը կազմակերպվել է TriClub Yerevan եռամարտի ակումբը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս TriClub Yerevan եռամարտի ակումբը համագործակցել է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից համաֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի հետ՝ մրցույթի ընթացքում իրականացնելով Սևանա Լճի պահպանությանն ուղղված իրազեկության բարձրացման արշավ:

Մրցույթին ներկա են եղել EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը և ծրագրի թիմը, ինչպես նաև այլ պաշտոնյաներ, տարբեր ֆիզիկական պատրաստվածության երիտասարդ մասնակիցների և առողջ ապրելակերպի սիրահարներ: Մարաթոնին մասնակցել են ավելի քան 100 սպորտի սիրահար:

EU4Sevan ծրագրի հետ համագործակցության արդյունքում հանրության շրջանում ևս մեկ անգամ ընդգծվել և կարևորվել է Սևանա լճի նշանակությունը որպես էկոհամակարգ և քաղցրահամ ջրի բացառիկ պաշար՝ բարձրացնելով լճի վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակը և մեծացնելով լճի կարևորության մասին տեղեկացված լինելու հեռանկարները։

Ինչպես փաստում են մասնակիցները՝ մրցույթն ընթացել է ընկերական և աշխույժ մթնոլորտում: Մրցատարածությունը հաղթահարած բոլոր մասնակիցները ստացել են մեդալներ, իսկ փոքրիկ մասնակիցները՝ անակնկալ նվերներ ստացան EU4Sevan ծրագրի կողմից:

«Tri4All»  եռամարտի մրցույթի նպատակն է խթանել առողջ ապրելակերպը և նպաստել հանրապետությունում մարզական կյանքի ակտիվացմանը: Միջոցառումը նպաստում է նաև Սևանա Լճի շուրջ սպորտային զբոսաշրջության զարգացմանը՝ ծառայելով հիանալի օրինակ:

TriClub Yerevan-ի կողմից հատուկ ուշադրություն է դարձվում Սևանի էկոհամակարգի պահպանմանը՝ այն առաջնահերթ է թե՛ Tri4All մրցույթի, թե՛ բոլոր այլ ձևաչափերի պարագայում։ Մրցույթի մասնակցությունը անվճար է: Միջոցառման ժամանակ պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները:

EU4Sevan ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից և իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի կողմից՝ որպես «ECOServe» ծրագրի մաս, և ՄԱԶԾ կողմից:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով