Սեպտեմբերի 10-ին «Կապուտակ Սևանի» լողափին արդեն 9-րդ անգամ տեղի ունեցավ ավանդական դարձած և հանրության շրջանում մեծ հետաքրքրություն ձեռք բերած «Tri4All» (Թրայ Ֆոր Օլ) եռամարտի մրցույթը:
Այն հանդիսանում է օլիմպիական մարզաձև և իր մեջ ներառում է երեք բաղադրիչ․
1․ լող,
2․հեծանվային սպորտ,
3․վազք։
Մրցույթը կազմակերպվել է TriClub Yerevan եռամարտի ակումբը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս TriClub Yerevan եռամարտի ակումբը համագործակցել է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից համաֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի հետ՝ մրցույթի ընթացքում իրականացնելով Սևանա Լճի պահպանությանն ուղղված իրազեկության բարձրացման արշավ:
Մրցույթին ներկա են եղել EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը և ծրագրի թիմը, ինչպես նաև այլ պաշտոնյաներ, տարբեր ֆիզիկական պատրաստվածության երիտասարդ մասնակիցների և առողջ ապրելակերպի սիրահարներ: Մարաթոնին մասնակցել են ավելի քան 100 սպորտի սիրահար:
EU4Sevan ծրագրի հետ համագործակցության արդյունքում հանրության շրջանում ևս մեկ անգամ ընդգծվել և կարևորվել է Սևանա լճի նշանակությունը որպես էկոհամակարգ և քաղցրահամ ջրի բացառիկ պաշար՝ բարձրացնելով լճի վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակը և մեծացնելով լճի կարևորության մասին տեղեկացված լինելու հեռանկարները։
Ինչպես փաստում են մասնակիցները՝ մրցույթն ընթացել է ընկերական և աշխույժ մթնոլորտում: Մրցատարածությունը հաղթահարած բոլոր մասնակիցները ստացել են մեդալներ, իսկ փոքրիկ մասնակիցները՝ անակնկալ նվերներ ստացան EU4Sevan ծրագրի կողմից:

«Tri4All» եռամարտի մրցույթի նպատակն է խթանել առողջ ապրելակերպը և նպաստել հանրապետությունում մարզական կյանքի ակտիվացմանը: Միջոցառումը նպաստում է նաև Սևանա Լճի շուրջ սպորտային զբոսաշրջության զարգացմանը՝ ծառայելով հիանալի օրինակ:
TriClub Yerevan-ի կողմից հատուկ ուշադրություն է դարձվում Սևանի էկոհամակարգի պահպանմանը՝ այն առաջնահերթ է թե՛ Tri4All մրցույթի, թե՛ բոլոր այլ ձևաչափերի պարագայում։ Մրցույթի մասնակցությունը անվճար է: Միջոցառման ժամանակ պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները:
EU4Sevan ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից և իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի կողմից՝ որպես «ECOServe» ծրագրի մաս, և ՄԱԶԾ կողմից:





Թողնել մեկնաբանություն