2023 թվականի տարվա խորհրդանիշ թռչնի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 19-ին՝ արդյունքներն ամփոփելուց հետո:
Eco.am սոցիալական հարթակն արդեն անդրադարձել էր, որ Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը նախաձեռնել է «Տարվա թռչուն» 2023 քվեարկությունը։ Իսկ քվեարկությունը կընթանա մինչև դեկտեմբերի 16-ը։
«Տարվա թռչուն» կրթական արշավի նպատակն է յուրաքանչյուր տարի ընտրել այդ տարին խորհրդանշող թռչնատեսակի և հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել այդ տեսակի և նրա բնադրավայրերի պահպանության կարևորության վրա:
Մինչ այդ NABU-ի հայաստանյան մասնաճյուղը իր սոցիալական ցանցերի էջերում և կայքում պարբերաբար տեղադրելու է մրցույթի թեկնածու թռչնատեսակների մասին հետաքրքիր և ուսուցողական նյութեր, որոնք թույլ կտան կատարել գիտակցված ընտրություն:
Այսօր մեր ընթերցողին ենք ներկայացնում «Տարվա թռչուն» 2023 արշավի 6 թեկնածուներից սպիտակաայտ ջրածիծառին (Chlidonias hybrida):
Սպիտակակայտ ջրածիծառը սակավաթիվ տեսակ է և ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում։ IUCN կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»։
Սպիտակաայտ ջրածիծառների տարածման արեալն ընդգրկում է Եվրասիայի կենտրոնական և հարավային շրջանները, Աֆրիկան, Ավստրալիան։ Հայաստանում չվող տեսակ է, հանդիպում է Արարատի, Արմավիրի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում։
Սնվում են՝
1․ խեցգետնակերպերով,
2․միջատներով և մանր ձկներով։
Բնադրում են՝
1․լճերի և գետերի մերձակայքում,
2․ջրաճահճային տարածքներում՝ հաճախ բույնը կառուցելով լողացող բույսերի վրա։ Դնում են 2-3 ձու։
Վտանգի դեպքում ջրածիծառների ամբողջ գաղութը կարող է օդ բարձրանալ և գրոհել գիշատիչ թռչնին։ Նրանք իրենց բարձր ձայնով և թևերի թափահարմամբ շեղում են հակառակորդին։
Թողնել մեկնաբանություն