Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը։ Օրը երկու խորհուրդ ունի՝ Քրիստոսի ծնունդը և մկրտությունը՝ Ջրօրհնեքի կարգով։ Այսօր տոնի առթիվ մարդիկ միմյանց ողջունում են՝ ասելով․ «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ» եւ ստանում պատասխան՝ «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի, մեզ եւ ձեզ մեծ ավետիս»։
Սուրբ Ծննդյան Ջրօրհնեքի խորհուրդը
Առավոտյան Հայ Առաքելական եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեքի կարգ։ Ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը։ Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը, և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում, որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետեւ քահանան այցելում է հավատացյալների տները` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը:
Սուրբ Ծննդյան ուտեստների խորհուրդը
Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնի մեկնարկը տրվել էր հունվարի 5-ի երեկոյան՝ ճրագալույցի պատարագով։ Որից հետո սեղաններին դրվում է օրվա խորհրդին հատուկ ուտեստներ` ձուկ, չամիչով փլավ և գինի։ Սուրբ Ծննդյան ուտեստների մեջ մեծ կարևորություն ունեն չորացրած մրգերից և ընկուզեղենից պատրաստված կերակուրները:
Ավանդույթի համաձայն, տոնական սեղանին մատուցվում է ձուկ, բրնձով և չամիչով փլավ. բրինձը մարդկությունն է, իսկ չամիչներն՝ ընտրվածները՝ նրանք, ում Աստված ընտրեց իր գործը շարունակելու: Այս ուտեստների հետ միասին մատուցվում է նաև գինի, ինչը հիմնականում բացառում է ալկոհոլային այլ խմիչքների առկայությունը տոնական սեղանին։
Ընդհանրապես, Սուրբ Ծննդյան տոնին կենդանական բոլոր ուտեստները փոխարինվում են բուսականով: Կաղամբի տերևով և մսով պատրաստվող ավանդական հայկական դոլմայի միսը փոխարինվում է հացահատիկի 3-4 տեսակներով՝ լոբու, սիսեռի, ձավարի խառնուրդով:
Ծննդյան տոնը շնորհավորում են կարմիր գինով, որը խորհրդանշում է Քրիստոսի արյունը:





Թողնել մեկնաբանություն