Հարավային եւ արեւելյան երկրների կանանց նազանի քայլվածքի ձեւավորմանը նպաստել է գլխի վրա ծանրություն կրելու ավանդույթը: Օգտագործելով նրանց մեթոդը` դուք եւս կարող եք ձեռք բերել այդպիսի քայլվածք: Այդ նպատակով ծավալուն գիրք դրեք գլխին եւ վարժվեք ճիշտ քայլելուն:
– Ոտաբոբիկ, մեջքով կանգնեք դեպի պատը, գլխին դրեք գիրք, փորը ներս քաշեք, մեջքը եւ գլուխը ուղղեք, ուսերն ազատ իջեցրեք, թողեք ձեռքերն ազատ կախվեն: Այս դիրքում սկսեք շարժվել` գնալով առաջ:
– Հավասարությունը պահպանելու համար սկզբում կարող եք կեցվածքը հավասարակշռել` ձեռքերն ազատ կողմ տարածած: Նախապես հատակի վրա կավիճով երկու զուգահեռ գիծ քաշեք` իրարից 7-8սմ հեռավորության վրա, եւ քայլեք դրանց վրայով` ձգտելով որպեսզի ոտնաթաթերի մատները չանցնեն գծի սահմանները:
– Քայլեք թեթեւ ու նազանի, սկզբում կրունկի, հետո ոտնաթաթերի արտաքին եզրի, այնուհետեւ մատների վրա` խուսափելով թաթերը կողմ ծռելուց: Չպետք է ոտքը գետնին դնել ամբողջ թաթով կամ միայն մատների վրա:

– Զսպանակեք թեթեւակի` միայն ծնկներում: Քայլերը պետք է լինեն միջին մեծության: Ոտքերն առաջ մղեք այնպես, ասես շարժումը սկսվում է ազդրերից, այլ ոչ թե ծնկներից:
– Պտույտ տալ, կամ օրորվել ազդրերով չի կարելի, քայլելիս ուսերը պետք է լինեն միեւնույն մակարդակի վրա: Այդպիսի դիրքն անհրաժեշտ է պահպանել նաեւ ծանր պայուսակ տանելիս:
– Գլուխը պահեք ուղիղ` դեպի առաջ հառած հայացքով:
– Շնչեք հավասարաչափ, ձեռքերը թողեք ազատ մարմնի երկարությամբ: Ձեռքերը լայն թափահարելը, ինչպես նաեւ դրանց անշարժ դիրքը` մարմնի մոտ գեղեցիկ չէ:
– Աստիճաններով բարձրանալիս գլուխը պետք է մարմնից առաջ ուղղված լինի: Կրծքավանդակը` թեթեւակի բարձրացած, ինչպես խորը ներշնչման ժամանակ:
– Աստիճաններից իջնելիս մարմինը պահեք ուղիղ, ոտքերն իրար հաջորդեցնելով, ոտնաթաթերի ազատ դիրքում գլուխը պահեք թեթեւակի առաջ:
– Երեկոյան երկար զգեստի մեջ շարժվելիս այն պետք է ազատ կախված լինի մարմնի երկարությամբ, միայն աստիճաններով բարձրանալիս կամ իջնելիս զգեստը պետք է բռնել ծնկների բարձրության վրա եւ թեթեւակի բարձրացնել: – Աստիճանի բազրիքից օգտվե՛ք միայն շարժումների ապահովության համար եւ ոչ մի դեպքում դրանք չպետք է ծառայեն որպես մարմնի հենարան:






Թողնել մեկնաբանություն