Տոկիոյի համալսարանի արդյունաբերական գիտությունների ինստիտուտի (Institute of Industrial Science at The University of Tokyo) հետազոտողները մշակել են սննդի թափոնները նվազեցնելու նոր մեթոդ՝ մրգերի և բանջարեղենի թափոնները վերամշակելով որպես շինանյութ:
Աշխարհում արդյունաբերական և կենցաղային սննդի թափոնները տարեկան քառասունհինգ միլիարդ կիլոգրամ են կազմում, որոնց մեծ մասը, ինչպիսիք են մրգերի և բանջարեղենի կեղևը, ուտելու ենթակա թափոններ են: Այս անկայուն պրակտիկան և՛ ծախսատար է, և՛ էկոլոգիապես վնասակար, այդ պատճառով էլ հետազոտողները փնտրում են օրգանական թափոնները օգտակար արտադրանքի վերածելու նոր եղանակներ:
«Մեր նպատակն էր օգտագործել ջրիմուռները և սովորական սննդի թափոնները՝ բետոնի պես ամուր նյութեր ստեղծելու համար։ Բայց քանի որ մենք օգտագործում էինք ուտելի սննդի թափոններ, նաև մտածում էինք՝ արդյո՞ք վերամշակման գործընթացն ազդում է հումքի համի վրա», – բացատրում է հետազոտության ավագ հեղինակ Յույա Սաքայը:
Հետազոտողները օգտագործել են ջերմային մամլման (heat pressing) եղանակը, որը սովորաբար կիրառվում է փայտանյութի փոշուց շինանյութեր պատրաստելու համար։ Նույն սկզբունքով նրանք օգտագործել են վակուումով չորացրած մանրացված սննդի մնացորդները՝ ջրիմուռները, կաղամբի տերևները և նարնջի, սոխի, դդմի ու բանանի կճեպները: Վերամշակման տեխնիկան ենթադրում էր սննդի մնացորդներից ստացված փոշին խառնել ջրի և համեմունքների հետ, ապա տվյալ խառնուրդը բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ սեղմել կաղապարի մեջ:
Հետազոտողները փորձարկել են ստացված նյութերի ամրության սահմանը և ստուգել դրանց համը, հոտը և տեսքը:
«Բացառությամբ դդմի փոշուց ստացված նմուշի, բոլոր նյութերը գերազանցեցին մեր ակնկալիքներն ամրության հարցում, – ասում է ավագ գիտաշխատող Կոտա Մաչիդան,- մենք նաև պարզեցինք, որ չինական կաղամբի տերևներից ստացված նմուշը բետոնից երեք անգամ ավելի ամուր է»:
Իսկ ինչ վերաբերում է նոր նյութերի սննդային որակներին, ապա նրանք պահպանեցին իրենց ուտելիությունը, և ավելին՝ աղի կամ շաքարի հավելումը բարելավեց նրանց համը առանց ամրությունը նվազեցնոլու: Բացի այդ, չորս ամիս շարունակ բաց տարածության մեջ գտնվելու և որևէ լրացուցիչ մշակում չստանալու պայմաններում տվյալ նյութերը ցուցաբերեցին դիմացկունություն սնկերի, միջատների և քայքայման հանդեպ, իսկ նրանց տեսքը և համը չկրեցին նկատելի փոփոխություններ:
Հաշվի առնելով, որ սննդամթերքի թափոնները համաշխարհային մակարդակով ֆինանսական և բնապահպանական լուրջ խնդիր են ներկայացնում, սննդամթերքի թափոնների վերամշակմամբ զբաղվելն անհրաժեշտություն է, իսկ վերը նշված եղանակով ստացված նյութերի օգտագործման հնարավորությունը թե՛ շինարարական նախագծերի համար՝ որպես շինանյութ, թե՛ որպես սննդի երկարատև պահպանման եղանակ, դուռ է բացում ստեղծագործական նոր ծրագրերի լայն շրջանակի համար:




Թողնել մեկնաբանություն