Հունիսի 29-ի ՀՀ Կառավարության նիստում բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության (ռենովացիա) ծրագրում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի առաջարկով, օրենքում փոփոխություն կատարվեց։ Արդյունքում՝ մեկ տարով՝ մինչև 2024թ. հուլիսի 1-ը, երկարաձգվեց ծրագրի գործողության ժամկետը, ինչպես նաև նախատեսվում է ծրագրով տրամադրվող վարկերի տոկոսների սուբսիդավորման հարցում որդեգրած նոր մոտեցում:
«Ծրագրի մեկնարկին կանխատեսում էինք, որ առնվազն 2000 շահառու կարող ենք ունենալ, սակայն առաջին տարում՝ 2022թ․ ունեցանք 1265 շահառու։ Այսօր արդեն 2000-ի փոխարեն ունենք 3000-ից ավել շահառու»,- լրագրողների հետ ունեցած հանդիպմանն ասաց ՀՀ ՏԿԵ նախարարության էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը։
Ըստ բանախոսի, մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ հիմնականում ավելի պահանջված է արևային ֆոտովոլտային համակարգերի տրամադրումը, որոնք գերակշռում են անհատական բնակելի տուն ունեցող շահառուները։
Իսկ թե ի՞նչ է իրենից ենթադրում ծրագրով նախատեսված Էնէրգաարդյունավետ բաղադրիչը, հովհաննես Աբրահամյանը մանրամասնեց․ «էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրն իրենից ենթադրում է տան պատուհանների և մուտքի դռան էնէրգաարդյունավետ փոխարինում, տանիքի վերանորոգում, էներգաարդյունավետ նյութերով պատերի հաստացում, ինչպես նաև՝ արևային ջրատաքացուցիչների և արևային ֆոտովոլտային պանելների տեղադրում»։

Ծրագրի գործողության ժամկետի փոփոխության հետ մեկտեղ փոփոխվել է նաև ծրագրով տրամադրվող վարկերի տոկոսները։ Օրինակ, եթե նախկինում Երևանի սպառողի համար վարկը հասանելի էր 5 տոկոս սումբսիդիայով, հուլիսի 1-ից դարձել է 9 տոկոս։ Իսկ գյուղական բնակավայրերի համար 2 տոկոսը փոխարինվել է 12, մարզային քաղաքների համար՝ 3 տոկոսը փոխարինվել է 11, և սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի համար նախկին 0 տոկոսը փոխարինվել է 14-ով։
Բանախոսի հիմնավորմամբ, վերոնշյալ փոփոխությունը պայմանավորված է բանկերի և քաղաքացիների միջև հարաբերությունների ազատականացմամբ․ «Պետությունը չի հրաժարվում իր բեռից, բայց թույլ է տալիս որպեսզի քաղաքացին և բանկը իրենց հարաբերությունները ձևավորեն։ Նախորդ տարվա մեր մոնիտորինգի արդյունքներով պարզվեց, որ հիմնականում օգտագործվել են ազգային հիպոտեկային ընկերության միջոցների հաշվին են այդ վարկերը տրամադրվել, հիմա խթանում ենք, որպեսզի ֆինանսական կառույցները հնարավորություն ունենան սեփական միջոցների հաշվին վարկեր տրամադրեն»։
Ի դեպ, վերոնշյալ թեմայի շուրջ Eco.am սոցիալական հարթակը հարցում է ուղարկել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, որի պատասխանները ստանալուն պես կներկայացնենք մեր ընթերցողին։
Eco.am






Թողնել մեկնաբանություն