Որ ոլորտներն են խոցելի կլիմայի փոփոխության նկատմամբ. քննարկում քաղաքապետարանում

https://eco.am/%d5%b8%d6%80-%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%bf%d5%b6%d5%a5%d6%80%d5%b6-%d5%a5%d5%b6-%d5%ad%d5%b8%d6%81%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%af%d5%ac%d5%ab%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab-%d6%83%d5%b8%d6%83%d5%b8%d5%ad%d5%b8/

Երևան քաղաքի տնտեսության տարբեր ոլորտներում կլիմայի փոփոխության նկատմամբ ռիսկերի և խոցելիության ուսումնասիրության արդյունքները ներկայացվել է Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատաժողովին։

Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ Երևանի քաղաքապետարանից։ Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են այն ուղղություններն ու շահառու խմբերը, որոնք առավել խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում Երևանը զգալի քայլեր է ձեռնարկել կլիմայի փոփոխության ազդեցությունը մեղմելու, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի և կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ հարմարվողականության հատուկ միջոցառումների իրագործելու նպատակով»,- հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։

Ըստ նրա, հատկանշական է, որ այս տարի Երևանի զարգացման միամյա ծրագիրը համալրվել է նոր՝ «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանն ու հարմարվողականությանն ուղղված ծրագրեր» բաժնով․ «Այս առումով 2023 թվականին նախատեսվում է շարունակել ակտիվ համագործակցությունը ՄԱԶԾ-ի և Եվրոպական միության հետ՝ կյանքի կոչելու մի շարք կարևոր ծրագրեր, որոնք ուղղված են Երևանի քաղաքային ենթակառուցվածքների էներգաարդյունավետության բարելավմանը և շրջակա միջավայրի պահպանության երկարաժամկետ ռազմավարության իրականացմանը: Շարունակական կլինեն վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման, հասարակական շենքերի ջերմամեկուսացման, էներգաարդյունավետության մակարդակի բարձրացման, տրանսպորտային համակարգի արդիականացման և խելացի լուծումների կիրառման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ նպատակ ունենալով նվազեցնելու CO2 արտանետումները»,- վստահեցրեց Լ․ Հովհաննիսյանը:

ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, բարձր գնահատելով համայնքային իշխանության ջանքերն ու պատրաստակամությունը, համոզմունք է հայտնել, որ համատեղ նախաձեռնությունները կնպաստեն խնդիրների ճշգրտմանն ու կնախանշեն դրանք լուծելու ուղիները։

Քաղաքի հարմարվողականության ռազմավարական ծրագիրը մշակվում է «Adwise» խորհրդատվական ընկերության կողմից՝ Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ և Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ՝ ՄԱԶԾ կողմից իրականացվող «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ծրագրի աջակցությամբ։

Որպես առաջին քայլ կազմվել է «Երևանի հարմարվողականության պլանի իրավիճակի գնահատման» հաշվետվությունը: Այդպես հնարավոր կլինի համապարփակ ուրվագծել կլիմային փոփոխության ռիսկերը քաղաքի տնտեսության՝ ներառյալ զբոսաշրջության և ծառայությունների, հանրային առողջության, ենթակառուցվածքների և բնական պաշարների ոլորտներում: Բացի այդ,  մատնանշվում են նաև պետական կառավարման մարմինների և հաստատությունների դերերն ու պարտականությունները: Հաշվետվությունը մշակելու նպատակով փորձագիտական թիմն իրականացրել է համապատասխան իրավական, պլանավորման և այլ փաստաթղթերի ուսումնասիրություն:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով