Կլիմայի փոփոխության դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակում Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը։ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է անտառների պահպանման և վերականգնման օրակարգը՝ պարտավորվելով կրկնապատկել իր անտառածածկույթը մինչև 2050 թվականը։
Նոյեմբերի 5-ին Հայաստանի ամբողջ տարածքում մեկնարկեց համապետական ծառատունկը, որի ընթացքում հանրապետության տարածքում իրականացվեց շուրջ 130 հա ծառատունկ՝ տնկվեց 451 000 տնկանյութ։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ծառատունկի մասնակիցներին տրամադրվել են տնկիներ և համապատասխան պարագաներ, ինչպես նաև նախանշվել են այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը։
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ իրականացված համապետական ծառատունկի շրջանակում, պետական բյուջեի ֆինանսավորմամբ, ծառատունկի աշխատանքներ իրականացվել են նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ջերմուկի անտառպետությունում, «Արագածոտնի անտառտնտեսություն», «Արծվաբերդի անտառտնտեսություն», «Թումանյանի անտառտնտեսություն» և «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղերում։ Իսկ ծառատունկին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարությունն իր ենթակա ՊՈԱԿ-ներով, պետական գերատեսչությունների, ուսումնական հաստատությունների, միջազգային և հասարարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ծառատունկին տնկվող հիմնական անտառկազմող ծառատեսակներն էին՝
1․ սոճի,
2․ հացենի,
3․ թեղի,
4․ խնձորենի,
5․ թխկի,
6․ կաղնի,
7․ կեչի,
8․ արջատխիլ:
Տնկիներն աճեցվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» և «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղերում:

Համապետական ծառատունկի շրջանակներում շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ –ի՝
«Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում տնկվել է 4000 կաղնի, 2000 հացենի, 1000 թխկի, 500 խնձորենի:
«Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ջերմուկի անտառպետության տարածքում տնկվել է շուրջ 9000 տնկի։ Հիմնական անտառկազմող ծառատեսակներն էին՝ սոճի, հացենի, թեղի, խնձորենի:
«Սևան» ազգային պարկի» տարածքում համապետական ծառատունկի շրջանակում տնկվել է շուրջ 170 բարդի:
«Դիլիջան» ազգային պարկի» տարածքում տնկվել են սոճու տնկիներ:
«Արփի լիճ» ազգային պարկի» տարածքում տնկվել է 100 հատ հացենի, 50 հատ բարդի, 20 հատ կեչի, 10 հատ տույա, 25 հատ ծորենի և 25 հատ ասպիրակ տեսակի ծառ և թուփ:
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի՝ սահմանապահ Ներքին Հանդ համայնքում գտնվող «Սոսու պուրակ» արգելավայրում տնկվել է Արևելյան սոսիներ։
Ծառատնկման համար օգտագործվել են «Սոսու պուրակ» արգելավայրում գործող տնկարանում աճեցվող ծառերը։
«Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղում տնկվել է 5000 հատ թեղի և 1000 հատ խնձորենի:
«Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղում տնկվել է ընդհանուր թվով 13000 հացենի, սոճի, խնձորենի:
Կլիմայական օրակարգում այս ծառատունկով Հայաստանը ևս մեկ քայլով մոտեցավ Հայաստանի Հանրապետության անտառածածկ տարածքներն ավելացնելու միասնական տեսլականին:





Թողնել մեկնաբանություն