Որքան ծառ է տնկվել համապետական ծառատունկի ընթացքում

https://eco.am/%d5%b8%d6%80%d6%84%d5%a1%d5%b6-%d5%ae%d5%a1%d5%bc-%d5%a7-%d5%bf%d5%b6%d5%af%d5%be%d5%a5%d5%ac-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ae%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bf%d5%b8/

Կլիմայի փոփոխության դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակում Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը։ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է անտառների պահպանման և վերականգնման օրակարգը՝ պարտավորվելով կրկնապատկել իր անտառածածկույթը մինչև 2050 թվականը։

Նոյեմբերի 5-ին Հայաստանի ամբողջ տարածքում մեկնարկեց համապետական ծառատունկը, որի ընթացքում հանրապետության տարածքում իրականացվեց շուրջ 130 հա ծառատունկ՝ տնկվեց 451 000 տնկանյութ։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ծառատունկի մասնակիցներին տրամադրվել են տնկիներ և համապատասխան պարագաներ, ինչպես նաև նախանշվել են այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը։

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ իրականացված համապետական ծառատունկի շրջանակում, պետական բյուջեի ֆինանսավորմամբ,  ծառատունկի աշխատանքներ իրականացվել են նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի  «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ջերմուկի անտառպետությունում, «Արագածոտնի անտառտնտեսություն», «Արծվաբերդի անտառտնտեսություն», «Թումանյանի անտառտնտեսություն» և «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղերում։ Իսկ ծառատունկին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարությունն իր ենթակա ՊՈԱԿ-ներով, պետական գերատեսչությունների, ուսումնական հաստատությունների, միջազգային և հասարարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

 

Ծառատունկին տնկվող հիմնական անտառկազմող ծառատեսակներն էին՝

1․ սոճի,

2․ հացենի,

3․ թեղի,

4․ խնձորենի,

5․ թխկի,

6․ կաղնի,

7․ կեչի,

8․ արջատխիլ:

Տնկիներն աճեցվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի  «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» և «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղերում:

Համապետական ծառատունկի շրջանակներում շրջակա միջավայրի նախարարության  Անտառային կոմիտեի  «Հայանտառ» ՊՈԱԿ –ի՝

«Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում տնկվել է 4000 կաղնի, 2000 հացենի, 1000 թխկի, 500 խնձորենի:

«Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ջերմուկի անտառպետության տարածքում տնկվել է շուրջ 9000 տնկի։ Հիմնական անտառկազմող ծառատեսակներն էին՝  սոճի, հացենի, թեղի, խնձորենի:

«Սևան»  ազգային պարկի»  տարածքում համապետական ծառատունկի շրջանակում տնկվել է շուրջ 170 բարդի:

«Դիլիջան»  ազգային պարկի» տարածքում տնկվել են սոճու տնկիներ:

«Արփի լիճ» ազգային պարկի» տարածքում տնկվել է 100 հատ հացենի, 50 հատ բարդի, 20 հատ կեչի, 10 հատ տույա, 25 հատ ծորենի և 25 հատ ասպիրակ տեսակի ծառ և թուփ:

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի՝ սահմանապահ Ներքին Հանդ համայնքում գտնվող «Սոսու պուրակ» արգելավայրում տնկվել է Արևելյան սոսիներ։

Ծառատնկման համար օգտագործվել են «Սոսու պուրակ» արգելավայրում գործող տնկարանում աճեցվող ծառերը։

«Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղում տնկվել է 5000 հատ թեղի և 1000 հատ խնձորենի:

«Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղում տնկվել է ընդհանուր թվով 13000 հացենի, սոճի, խնձորենի:

Կլիմայական օրակարգում այս  ծառատունկով Հայաստանը ևս մեկ քայլով մոտեցավ Հայաստանի Հանրապետության անտառածածկ տարածքներն ավելացնելու միասնական տեսլականին:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել