Նշվեց Հայաստանում շրջակա միջավայրի գիտությունների դպրոցի և ԳԱԱ էկոկենտրոնի հիմնադիր Արմեն Սաղաթելյանի 70-ամյակը

https://eco.am/%d5%b6%d5%b7%d5%be%d5%a5%d6%81-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%be%d5%a1%d5%b5%d6%80%d5%ab-%d5%a3/

ՀՀ ԳԱԱ նախագահության մեծ դահլիճում այսօր տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 30-ամյակին և կենտրոնի հիմնադիր, դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի 70-ամյակին նվիրված միջոցառում։ Ցուցադրվեց Արմեն Սաղաթելյանի կյանքին ու գիտական գործունեությանը նվիրված «Իմ սիրտը լեռներում է․․․» ֆիլմը, որին հաջորդեց պրոֆեսոր Սաղաթելյանի ընտանիքի, գործընկերների, աշակերտների ելույթները։

«Հայաստանի համար դժվար ու մութ 90-ականներին Արմեն Սաղաթելյանը հիմնադրել է Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, որը 30 տարի անց ձեռք է բերել ազգային և միջազգային ճանաչում»,- ասաց Էկոկենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը, ապա՝ ներկայացրեց այն մեծ ավանդն ու կարևոր փորձը, որ պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանը փոխանցել է իր աշակերտներին։

«Արմեն Սաղաթելյանը Հայաստանում շրջակա միջավայրի գիտությունների դպրոցի ստեղծողն էր։ Ի հիշատակ Արմեն Սաղաթելյանի՝ արդեն երրորդ տարին անցկացվում է երիտասարդական ամառային դպրոց՝ շրջակա միջավայրի գիտությունների թեմայով։ Այս տարի դպրոցն ընթանալու է «Շրջակա միջավայրի գիտություններ. շրջակա միջավայր և սնունդ» խորագրի ներքո»,-ներկայացրեց էկոկենտրոնի տնօրենը։

«Նա առաջատար գիտնական և գիտության հմուտ  կազմակերպիչ էր։ Ես տեսել եմ, թե ինչպես է Արմեն Սաղաթելյանն աշխատում Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի համար և յուրաքանչյուր աշխատակցի համար։ Այդ աշխատանքային կոլեկտիվը ընտանիքի պես էր։ Կենտրոնը գիտեինք Արմենով, Արմենին՝ կենտրոնով», – ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։

Միջոցառման ընթացքում այնուհետև տեղի ունեցավ «ՀՀ շրջակա միջավայրի խնդիրները, գիտություն, կրթություն, իրազեկում, մոնիթորինգ, որոշումների կայացում» խորագրով պլենար քննարկում, որին ներկա էին Շրջակա միջավայրի նախարարության, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի ներկայացուցիչներ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։