Վերջին տարիներին Երևանի բնակիչների համար ձյունը կարծես թե դարձել է երազանք։ Ձյան հաճույքը մի քանիօր վայելելու համար, երբեմն երևանաբնակները սահմանափակվում են Հայաստանի լեռնային շրջաններ այցելելով։ Օդերևոթաբանների կանխատեսմամբ այսօր և վաղը Երևանում ձյան տեսքով տեղումներ կլինեն։ Մինչ սպասված ձյունը կտեղա Eco.am սոցիալական հարթակն իր ընթերցողների համար առանձնացրել է մի քանի կարևոր տեղեկություններ ձյան մասին։
1․ Հայաստանում ձյունը կազմում է տարեկան տեղումների 10-70 %-ը։
2․ ձյունը մաքրում է օդը,
3․ կանոնավորում հողի խոնավությունը,
4․ պաշտպանում աշնանացան մշակաբույսերը,
5․նպաստում է, որ կենդանիներն ու բույսերը կարողանան դիմակայել ձմռան սառնամանիքներին
Ձյունը պինդ մթնոլորտային տեղում է փաթիլների տեսքով։ Փաթիլներն ունենում են հիմնականում վեցանկյուն կամ վեցաթև աստղանման սառցային բյուրեղների տեսք՝ թերթիկավոր (միջին տրամագիծը՝ 0,3-1,9 մմ) և ձողաձև՝ (0,5-0,8 մմ)։ Անհողմ եղանակին մոտ 0 C-ի դեպքում ձնափաթիլները (զանգվածը՝ 0,0001-0,5գ), միանալով, խոշորանում են, ունենում մինչև մի քանի սմ տրամագիծ և առաջացնում ձնածածկույթ, որը ժամանակի ընթացքում փոփոխությունների է ենթարկվում։ Ձյունը Հայաստանի լեռնային շրջաններում տեղում է հոկտեմբեր-մայիսին, Արարատյան դաշտում՝ նոյեմբերի 2-րդ կեսից մինչև մարտ, Արագածի և Մասիսների վրա (3230 մետրից բարձր)՝ գրեթե ամբողջ տարին (ամռանը՝ խառը տեղումների ձևով)։
Երկրագնդի վրա, բարձրադիր լեռնային գոտիների հետ մեկտեղ, հավերժական ձնածածկույթով են պատված հսկայական տարածքներ հյուսիսային և հարավային բևեռների շրջաններում։ Այդ վայրերը լեռնագնացների, լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի սիրահարների համար առանձնահատուկ կարևոր են, սակայն, երբեմն ձնահյուսերի հետևանքով այդ վայրերն իրենցից մեծ վտանգ են ներկայացնում։ Ձնահյուսերը այս կամ այն չափով տարածված են աշխարհի բոլոր լեռնային շրջաններում։ Դրանք հանդիսանում են լեռների ձմեռային սեզոնի հիմնական վտանգավոր բնական երևույթը։ Երբեմն ձնահյուսերն ունենում են մեծ և անդառնալի հետևանքներ։
Ձնահյուսերը մարդկանց համար վտանգավոր են՝
1․ իրենց մեծ զանգվածի պատճառով, որը կարող է հասնել մի քանի հարյուր տոննայի։
2․Ձնահյուսի հետևանքով մարդիկ շնչահեղձ են լինում, կամ մահանում են ոսկորների կոտրվածքներից առաջացած շոկից։
3․Օդը չի կարողանում թափանցել ձյան միջով, և թթվածնի պակասից մարդիկ խեղդվում են։
4․Ձնահյուսը կարող է նաև մարդուն գցել ժայռերից և մահացու վնասվածքներ հասցնել։
5․ Տուժածներին փրկելու համար խանգարում է նաև այն, որ ձյունը փափուկ է, և ձայնը չի լսվում ձյան տակ, ինչի հետևանքով օգնության կանչերը մնում են անպատասխան։
Ինչպես վարվել, եթե հայտնվել եք ձնահյուսում
1․Ձնահյուսում հայտնվելիս պետք է անմիջապես ազատվել ուսապարկից (ծայրահեղ դեպքում կտրել ուսապարկի կապերը), դահուկներից, դահուկի փայտերից։
2․ Պետք է ձգտել հնարավորինս երկար մնալ ձյան զանգվածի մակերեսին, իսկ սուզվելու դեպքում, լողալու ակտիվ շարժումներ կատարելով, փորձել դուրս գալ մակերես։
3․Ձնահյուսի կանգ առնելուն պես, պետք է երեսի մոտ օդի պարկ բացել՝ շնչառության համար, եթե շատ խորը չի գտնվում տուժածը պետք է ձեռքը բարձրացնի ձյան մակերես, որպեսզի փրկարարների ուշադրությունը գրավի։
4․Խորը լինելու դեպքում անհրաժեշտ է քիչ շարժվել, էներգիան խնայելու համար։
5․ Եթե գլուխը ձյան տակ չէ, պետք է գոռալ, օգնություն կանչել, իսկ եթե ձյան տակ է՝ հակառակը՝ հակացուցված է նման բաները, որպեսզի ձյունը չներթափանցի շնչող օրգաններ։
6․Ըստ ձնահյուսերից փրկվածների և փրկողների ներկայացրածի ձյան տակից գոռոցներին չեն լսում դրսում գտնվողները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ






Թողնել մեկնաբանություն