Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների սիրելի զբոսայգին բարեկարգվում է, շատրվանները՝ վերանորոգվում

https://eco.am/%d5%b4%d5%a1%d5%ac%d5%a1%d5%a9%d5%ab%d5%a1-%d5%bd%d5%a5%d5%a2%d5%a1%d5%bd%d5%bf%d5%ab%d5%a1-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b5%d5%b6%d6%84%d5%ab-%d5%a2%d5%b6%d5%a1%d5%af%d5%ab%d5%b9%d5%b6%d5%a5%d6%80/

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված այգում բարեկարգման աշխատանքներ են տեղի ունենում։ Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերով քաղաքի տարբեր վարչական շրջաններում շարունակվում է այգիների և պուրակների բարեկարգման գործընթացը:

Թեպետ նախատեսված է որ այգու բարեկարգումը կավարտվի 2023 թվականին, սակայն Eco.am սոցիալական հարթակը, լինելով զբոսայգում նկատեց, որ աշխատանքները բավականին ինտենսիվ են տեղի ունենում։

Այգու բարեկարգման ծրագրի որոշումը կայացվել է դեռևս այս տարվա մարտի 15-ին կայացած Երևանի ավագանու նիստի ժամանակ։

1985 թվականին կառուցված զբոսայգին, որը գտնվում է Սեբաստիա փողոցում, եղել է համայնքի բնակիչների սիրելի վայրերից մեկը։ Համայնքի բնակիչները մտաբերում են, որ մինչև 2000-ական թվականները այգու շատրվանները վաղ առավոտից միացվում էին, լողավազանում երեխաները լողում էին, իսկ ծնողները՝ այգու կանաչապատ գոտում հանգստանում: Վերջին տարիներին այն վերածվել էր ամայի ու լքված տարածքի։

«Երևանում ունենք բավականին այգիներ, որոնք այս պահի դրությամբ չեն գործում: Ընդհանուր մեր քաղաքականությունն այն է, որ վերականգնենք չգործող այգիները՝ հետո նոր մտածենք նորերը հիմնելու մասին»,- այգում բարեկարգման աշխատանքներին հետևելիս ասել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Ըստ քաղաքապետի, այգում նախագծման աշխատանքներ կիրականցվեն, որպեսզի հանգստի գոտու բարեկարգումը կրի համալիր բնույթ և ընդգրկի նաև այգու հարակից երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշահամալիր․ «Մինչև 2023թ. ավարտը կամ 2024թ. գարուն՝ այդ հատվածը ևս ամբողջությամբ կավարտենք: Քաղաքում կունենաք ևս մեկ հարմարավետ միջավայր, որտեղ քաղաքացիների համար լավ ժամանցի տեղ կլինի: Կցանկանամ, որ յուրաքանչյուրս հոգ տանենք քաղաքի մասին, չաղտոտենք, քանի որ բոլոր այն ֆինանսական միջոցները, որոնք ծախսվում են հանրային վայրերի բարեկարգման համար, մեր քաղաքացիների վճարած հարկերից է և դրանք պետք է արդյունավետ կառավարենք, որպեսզի կարողանանք այն բազում խնդիրները, որոնք ծառացած են Երևանի առաջ, լուծել»,– ընդգծել է քաղաքապետը:

Ճարտարապետական հետաքրքիր լուծումներով առանձանցող ու շատրվանային ընդարձակ համալիրով այգում լիարժեք հանգստի հարմարավետ պայմաններ կստեղծվեն:

«Մեր գլխավոր խնդիրն է՝ վերականգնել Խորհրդային Միության տարիներին կառուցված այս հուշարձանի նախկին տեսքը՝ շատրվանային համալիրի նույն ծավալով: Շատրվանները քաղաքը հովացնելու գործառույթ ունեն, և փորձելու ենք ջրատեխնիկական մասն այնպես կազմակերպել, որ ունենանք նույն ծավալի ջրթողում, որքան եղել է Խորհրդային Միության տարիներին»,- նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով