Ինչ է օդի ջերմաստիճանը և ինչպես են այն չափում

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9-%d5%a7-%d6%85%d5%a4%d5%ab-%d5%bb%d5%a5%d6%80%d5%b4%d5%a1%d5%bd%d5%bf%d5%ab%d5%b3%d5%a1%d5%b6%d5%a8-%d6%87-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a5%d5%b6-%d5%a1%d5%b5%d5%b6-%d5%b9/

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 2-4-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։

Ինչպես տեղեկացրին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Ի՞նչ է ջերմաստիճանը

1․ Ջերմաստիճանն օդի ջերմային վիճակը բնութագրող մեծություն է, եղանակի և կլիմայի իրավիճակը բնութագրող կարևոր տարր։

2․1597թ․-ին Գալիլեո Գալիլեյը ստեղծեց առաջին ջերմաչափը։

 

3․Օդի ջերմաստիճանը չափում են տարբեր միավորներով, սակայն ամենատարածվածը և կիրառվողը Ցելսիուսի սանդղակն է։

4․Երկրի մակերևույթի ջերմային վիճակն անընդհատ ենթարկվում է փոփոխությունների, ինչպես օրվա, այնպես էլ տարվա ընթացքում:

5․Օդի ջերմաստիճանի օրական տատանման վրա զգալի ազդում են մի շարք գործոններ՝ ռելիեֆը, աշխարհագրական լայնությունը, ամպամածությունը և մթնոլորտի շրջանառությունը։

Ինչպես են չափում օդի ջերմաստիճանը

Օդի ջերմաստիճանը չափվում է բացարձակ ստվերում, գետնի մակերևույթից 2մ բարձրության վրա։ Օդերևութաբանական կայաններում ջերմաչափերը տեղադրում են հատուկ օդերևութաբանական տնակներում, ինչն ապահովում է բացարձակ ստվեր և ազատ օդափոխանակություն։

Եթե  ջերմաչափը տեղադրված է ոչ բացարձակ ստվերում, և արեգակի ճառագայթներն ընկնում են ջերմաչափի սնդիկի վրա, ջերմաչափը ցույց է տալիս ոչ թե օդի ջերմաստիճանը, այլ արեգակի ճառագայթների ջերմաստիճանը։

Հաճախ են մարդիկ ասում ջերմաստիճանը կանխատեսված էր օրինակ +36 աստիճան, սակայն ջերմաչափը ցույց է տալիս +50 աստիճան։  Նման կարծիքներ առաջանում են հենց այն ժամանակ, երբ ջերմաչափը տեղադրված է լինում ոչ թե ստվերում, այլ արեգակի ճառագայթների անմիջական ազդեցության տակ։

Օդի տաքացման և սառեցման պրոցեսը սկսում է երկրի մակերևույթից։ 

Ցերեկային ժամերին արեգակի ճառագայթները, ընկնելով երկրի մակերևույթին, տաքացնում են այն։ Օդը, շփվելով տաքացած երկրի մակերևույթի հետ, մոլեկույլար և տուրբուլենտ ջերմահաղորդակցության շնորհիվ սկսում է տաքանալ։

Օդի տաքացումը շարունակվում է ցերեկը՝ մինչև ժամը 16։00-17։00-ը։  Այս ժամերին էլ գրանցվում է օրվա ամենաբարձր ջերմաստիճանը։

Ըստ բարձրության, յուրաքանչյուր 1000մ բարձրանալիս օդի ջերմաստիճանը միջինը նվազում է 6 աստիճանով, ինչը բացատրվում է այն հանգամանքով, որ որքան բարձրանում ենք դեպի վեր այնքան հեռվանում ենք տաքացվող մակերեսից, այսինքն երկրի մակերույթից և օդի ջերմաստիճանը սկսում է նվազել։

Սա է պատճառը, որ լեռնագագաթների վրա օդի ջերմաստիճանը շատ ավելի ցածր է, քան դաշտավայրերում։

Տարվա տաք ժամանակահատվածում օդի ջերմաստիճանն Արարատյան դաշտում մոտ 30-32 աստիճանով ավելի տաք է, քան Արարատ  լեռան մերձգագաթային  մասում։

Գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը սկսում է նվազել։ Մայրամուտից հետո ցերեկը տաքացած երկրի մակերևույթը իր ջերմությունը ճառագայթում է տիեզերական տարածություն, ինչի հետևանքով ինտենսիվ սկսում է սառչել։  Երկրի մակերևույթի սառչելու հետևանքով  նվազում է օդի ջերմաստիճանը, որն իր նվազագույն արժեքին է հասնում արևածագի պահին, որից հետո կրկին սկսում է բարձրանալ։

Ձմեռային ամիսներին հանրապետության միջլեռնային գոգավորություններում կարող  է տեղի ունենալ հակառակ երևույթը, որ օդի ջերմաստիճանը ոչ թե ըստ բարձրության նվազի, այլ հակառակը բարձրանա։  Այս երևույթը կոչվում է ջերմաստիճանային ինվերսիա և առաջանում է այն ժամանակ, երբ միջլեռնային գոգավորություններում դիտվում է սառը օդի լճացում։  Նման դեպքերում հանրապետության ցածրադիր գոտիներում ջերմաստիճանը լինում է շատ ավելի ցածր, քան բարձր լեռնային շրջաններում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով