Աչքերը բնության կողմից թանկարժեք պարգեւ են, որոնց անհրաժեշտ է ճիշտ խնամք: Օրվա ընթացքում աչքերը ենթարկվում են բազմաթիվ ներգործությունների` քամու, փոշու, ծխախոտի ծխի, նեոնային ուժեղ լույսի, թույլ լուսավորության, հեռուստատեսային կամ համակարգչային էկրանի լույսի, մասնագիտական վնասակարության: Նման ներգործությունից հետո աչքերն ունենում են հոգնած տեսք, կորչում է փայլը, կոպերը կարմրում են եւ թեթեւակի ուռչում, առաջանում են կնճիռներ ու պարկիկներ, տեսողությունը թուլանում է: Ուստի թեթեւակի հոգնածության դեպքում անհրաժեշտ է ապահովել աչքերի հանգիստը եւ մշտական խնամքի միջոցով փորձել պահպանել դրանց փայլը:
Աչքի լոգանքներ
Աչքի լոգանքները հոգնածությունը եւ բորբոքումը հեռացնելու կարեւոր միջոց են: Աչքի լոգանքների համար օգտագործվում են հատուկ փոքրիկ բաժակներ, դրանց մեջ լցվում են երիցուկի, մաղադանոսի, անանուխի կամ սեւ թեյի եփուկ:
1. Աչքին կիպ կպցրեք բաժակը, գլուխը հետ գցեք եւ այդ դիրքում աչքը բաց ու խուփ արեք` 8-10 անգամ: Այսպես աչքի խնձորակն ասես լողանում է լուծույթի մեջ:
2. Բացելով աչքը, արեք մի քանի շրջանաձեւ վարժություններ` ձախ եւ աջ:
3. Լոգանքից հետո մաշկը չորացրեք եւ թեթեւակի շարժումներով քսեք ճարպոտ կրեմ:
4. Շատ լավ թարմացնում, հանգստացնում եւ հակաբորբոքային ազդեցություն են թողնում երիցուկից, անանուխից, սամիթից կամ մաղադանոսից թրջոցները: Դեղաբույսերը լավ եփեք, քամեք, տաք եփուկի մեջ թրջած բամբակե խծուծը թրջեք եւ դրեք փակած աչքերի վրա: Վերջիններս աչքերը պետք է ծածկեն կոպերից մինչեւ այտոսկրերը: 1-2 րոպե անց նորից պետք է բամբակը թրջել եւ դնել աչքերին: Գործողությունը կատարեք 3-4 անգամ:
5. Վերջում դրեք սառը թրջոց, մաշկը չորացրեք, ապա քսեք ճարպոտ կրեմ:
Արդյունավետ են ազդում նաեւ կաթի կոմպրեսները, որոնք հանում են բորբոքային երեւույթները:
Անհամ կաթի մեջ թրջած բամբակը դրեք փակած աչքերի վրա` 4-5 րոպե: Վերջում աչքերը ջրով լվացեք եւ չորացրեք, ճարպոտ կրեմը քսեք աչքերի շուրջը:

Աչքերի տակի պարկիկները եւ կոպերի թեթեւակի ուռչելը կարող են լինել զանազան ներքին հիվանդությունների հետեւանք: Հաճախ, սակայն պարկիկները հայտնվում են առանց որեւէ հիվանդության առկայության: Նման դեպքերում դրանք կապված են օրգանիզմի ընդհանուր հոգնածության կամ` աչքերի չափից ավելի լարվածության, քնատության, տարիքային փոփոխությունների հետ: Այդ դեպքում անհրաժեշտ է պահպանել ճիշտ կյանքի ռեժիմ.
1.Ութ ժամյա քուն
2. Հում մրգերի, բանջարեղենի առատ օգտագործում
3. Փորկապության վերացում
4. Ամենօրյա մարմնամարզական վարժություններ եւ զբոսանք` մաքուր օդում:
Արդյունավետ դիմակներ
Պարկիկների առկայության դեպքում արդյունավետ են մաղադանոսից եւ կարտոֆիլից պատրաստված դիմակները.
– Մաղադանոսի կանաչ թարմ տերեւները շատ մանր կտրատեք, դրեք աչքերի տակի պարկիկների եւ թեթեւակի ուռած կոպերի վրա: Ծածկեք բամբակե խոնավ խծուծներով եւ թողեք 10-15 րոպե:
– Կարտոֆիլը անցկացրեք մանր քերիչով եւ դրեք փակ աչքերի վրա:
Կամ 2 թեյի գդալ հում քերած կարտոֆիլը խառնեք 2 թեյի գդալ ցորենի ալյուրի, ապա` 2 թեյի գդալ եփած անհամ կաթի հետ: Դիմակը պահել 10-15 րոպե:
– Արյան շրջանառությունը լավացնելու համար կարելի է 1 թեյի գդալ մանր կտրտած մաղադանոսը խառնել 2 թեյի գդալ թթվասերի հետ: Դիմակը պահել 20-30 րոպե, լվանալ սառը ջրով ու կրեմ քսել:






Թողնել մեկնաբանություն