«Հոգեկան առողջությունն ու բարեկեցությունը բոլորի համար դարձրե՛ք համաշխարհային առաջնահերթություն»․ նշվեց հոգեկան առողջության համաշխարհաին օրը

https://eco.am/%d5%b0%d5%b8%d5%a3%d5%a5%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%b8%d5%b2%d5%bb%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d5%a5%d6%81%d5%b8%d6%82/

2013 թվականից ի վեր` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) ամեն տարի կազմակերպում է գլոբալ արշավներ հոգեկան առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ։ Այս տարվա կարգախոսն է. «Հոգեկան առողջությունն ու բարեկեցությունը բոլորի համար դարձրե՛ք համաշխարհային առաջնահերթություն»:

Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, ավելանում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց թիվը, փոփոխվում է հոգեկան խանգարումների տարածվածության համամասնությունը, ինչի պատճառը վերջին շրջանում հոգեկան առողջության վրա ազդող անբարենպաստ գործոններն են (բնակչության ծերացում, համավարակ, պատերազմ, տեղեկատվական անվերահսկելի հոսք և այլն)։

Վիճակագրական տվյալներով` Հայաստանում հաշվառման մեջ գտնվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց թիվը կազմել է.

1․ 2000թ.` 32717,

2․ 2015թ.` 51167,

3․ 2019թ.` 57164,

4․ 2021թ.` 60222` արձանագրելով հիվանդացության աճ:

Նաև աճել է դիսպանսերային հսկողության տակ վերցված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց թիվը:

Հոգեկան առողջության տեսանկյունից խոցելի խմբեր են արտակարգ իրավիճակներում կա՛մ ռազմական, կա՛մ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձինք, երեխաները, դեռահասները և տարեցները։ Նշված խմբերում հոգեկան առողջության խնդիրների վաղ հայտնաբերումը, կանխարգելումը, բուժումը և վերականգնումը, բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովումը, ինչպես նաև հասարակության մեջ անձի ներառումը կկրճատեն հոգեկան խանգարումների հետևանքով կյանքի դժվար իրավիճակում հայտնված անձանց թիվը և կբարելավեն շահառուների կյանքի որակը:

Հոգեկան առողջության ոլորտի քաղաքականությունն ու օրենսդրությունը բարելավելու, որակյալ ծառայություններ մատուցելու, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունն ապահովելու, հասարակության իրազեկությունը բարձրացնելու նպատակով հաստատվել է «Հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների 2022-2026թթ. ծրագիրը»:

Միաժամանակ, ոլորտի շարունակական զարգացման համար առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Հոգեկան առողջություն» կոալիցիա` 40-ից ավելի կազմակերպությունների ներգրավմամբ, որոնց անդամների միջև կնքվել է գործակցության հուշագիր:

Նպատակն է դիմակայել Հայաստանում COVID-19 համավարակով և հետպատերազմյան շրջանում հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված մարտահրավերներին և հոգեկան առողջության ծառայություններն ինտեգրել առողջության առաջնային պահպանման օղակում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։