Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում անտառապահ Մանուկ Մանուկյանի կողմից տեղադրված թակարդ-տեսախցիկն ծուռթաթ քոթոթի է արձանագրել վայրի բնության գրկում։ Այս մասին տեղեկացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հանրային կապերի բաժինը:
Մինչ այսօր Հայաստանի տարբեր մասնավոր տարածքներում շարունակում են բանտարկված մնալ ավելի քան 10 կարմիրգրքյան արջեր։ Կենդանիները պահվում են փոքր վանդակներում, զրկված մասնագիտական խնամքից և հոգածությունից։ Մշտապես կարևորելով այս խնդիրը FPWC-ն անում է հնարավորը բանտարկված կենդանիներին օգնելու, միևնույն ժամանակ վայրի բնության առանձնյակների հանգիստը պահպանելու համար։
Գորշ արջը /Ursus arctos/ գրանցված է Հայաստանի կենդանիների կարմիր գրքում: Ներկայում տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab(iii,iv): ԿԳ տվյալները փաստում են՝ այն, որ արջերը հաճախ մտնում են գյուղեր` վնաս հասցնելով պտղատու այգիներին և փեթակներին, դրանց մեծ թվաքանակի վկայություն չի կարելի համարել: Ավելի հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման և կերային ռեսուրսների անբավարարության հետևանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը:
Շուրջ 30․000 հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն առաջին մասնավոր պահպանվող տարածքն է Հարավային Կովկասում: Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: CWR և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման հարցում:





Թողնել մեկնաբանություն