Մրգերի և բանջարեղենի բազմազան ընտրության այս սեզոնին դրանց ոչ ճիշտ օգտագործումը կարող է աղիների աշխատանքի խնդիրներ առաջացնել։ Այդ մասին նշում է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի կլինիկայի գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգ Սոֆյա Գրիգորյանը։ Ըստ նրա, առողջ ապրելակերպը և սննդակարգը նպաստում են աղիների ճիշտ աշխատանքին, և որքան էլ զարմանալի է մեր աղիների լավ և ճիշտ աշխատանքի համար անհրաժեշտ են բակտերիաներ, որոնք և մասնակցում են մարսողության պրոցեսին։
Բժշկի խոսքով՝ մեր աղիներում բնակվում են 100 տրիլիոն միկրոօրգանիզմներ, որոնք մոտավորապես տասը անգամ գերազանցում են մարդու մարմնի բջիջների քանակը։ Ընդ որում՝ բակտերիաների կազմը յուրաքանչյուր անհատի մոտ եզակի է՝ ինչպես մատնահետքը։
Սոֆյա Գրիգորյանը նշում է, որ աղիներում բնակվող բակտերիների կազմի փոփոխությունը բերում է մի շարք հիվանդությունների առաջացմանը, առողջ մարսողության լավագույն միջոցը ճիշտ սննդակարգի միջոցով «լավ» բակտերիաների քանակի ավելացումն է։
«Բջջանյութով հարուստ մթերքները, ինչպիսիք են՝ մրգերը, բանջարեղենը, նպաստում են աղիքային բակտերիաների ճիշտ կազմի ձևավորմանը, իսկ հակառակ սրան՝ ռաֆինացված շաքարները, արհեստական քաղցրացուցիչները բերում են «վատ» բակտերիաների քանակի շատացմանը։ Այսպիսով սննդակարգում մրգերի և բանջարեղենի ավելացումը սնունդ է նաև մեր աղիներում ապրող լավ և փոքրիկ «բարեկամների» համար»,-ասում է բժիշկն ու մրգերի և բանջարեղենի օգտագործման հետ կապված մի քանի կարևոր խորհուրդներ թվում․
1․ Խուսափեք ոչ լավ հասած մրգերի և բանջարեղենի օգտագործումից։
2․ Մրգերը օգտագործեք այլ սնունդ ընդունելուց 1 ժամ առաջ կամ 2 ժամ հետո։
3․ Քնելուց 3 ժամ առաջ սնունդ չընդունել, հատկապես՝ միրգ։
4․ Մրգերը և բանջարեղենը օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվացեք հոսող ջրի տակ։
Թողնել մեկնաբանություն