Ապրիլի 24-ին Երևանի բուսաբանական այգու «Անկախության արահետը» կրկին մարդաշատ էր, առիթը ծառատունկն էր` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցին։
խորհրդանշական առաքելության նախաձեռնողները, 106-ամյա պատմական անցյալի գիտակցմամբ, վստահ են, որ յուրաքանչյուր հայ մարդ, անկախ տարիքից, իր հոգու միջով անցկացնում է մի պատմություն, որը նախ և առաջ փոխանցվում է գենետիկորեն:
«Անկախության արահետը» համալրվեց կաղնու, թեղիների, հացենու և թղկենու նորաբնակ 106 տնկիներով, որոնցից յուրաքանչյուրն անհիշելի ժամանակներից ունեն իրենց դիցաբանական մեկնությունը: Դրանց բոլորին համախմբում է` ամրության, կայունության, պտղաբերության ու անմահության խորհուրդը:
«Արարատի հովանու ներքո այս վայրը յուրահատուկ էներգետիկա ունի և նահատակների ոգեկոչման շարունակական ընթացքն այստեղ դառնում է առաքելություն»,- ասաց «Անկախության արահետ» նախաձեռնող խմբի անդամ Սամվել Բաղդասարյանն ընդգծելով․ «Բայց շարունակականությունը կլինի ինքնանպատակ, եթե չպահպանենք առաքինի որակն ու արժեհամակարգը, որը բնորոշ է հայ մարդուն, հայ ոգուն: Այսօր դա խիստ արդիական է ոչ միայն Սփյուռքի համար, այլև` առավելապես մեր: Մենք պարտավոր ենք պահել հայկական «կոդը», որը ժամանակին, կյանքը չխնայելով, մարդիկ փոխանցել են մեզ` հանուն այդ շարունակականության»։
Նշենք, որ ծառատունկի նախապատրաստական աշխատանքների և տնկիների ձեռք բերմանը օժանդակել է Ֆրեզնոյի հայ համայնքի ներկայացուցիչ` Համլետ Չոբանյանի ընտանիքը։ Ծառատունկի բարդ ու արհեստավարժ գործընթացը ուղեկցվում է հնեաբուսաբանության բաժնի ավագ գիտաշխատող Գագիկ Մովսիսյանի մասնագիտական խորհուրդներով: Նախաձեռնությանը սատարում է Երևանի բուսաբանության ինստիտուտը, հանձինս տնօրեն` Անահիտ Ղուկասյանի:
Ի դեպ, երբ նախորդ դարի 1935-1936 թվականներին հիմնվում էր Երևանի բուսաբանական այգին, այդ ժամանակ ակտիվ մասնակցություն են ունեցել մանկատան սաները: Ուստի, այս անգամ էլ, տնկվող 106 ծառերից առաջին-խորհրդանշականը նույնպես տնկեցին մանկատան սաները, ում, վստահաբար, վերապահված է վաղվա օրը: Խորհրդավոր արարողությունը համեմված էր Գայանե Սամվելյանի անզուգական ասմունքով ու «Սարյան լարային քառյակ»-ի Կոմիտասյան ու Սարյանական հոգեթով հնչյուններով:
Հիշեցնենք, որ Երևանի բուսաբանական այգու «Անկախության արահետը» 30 ծառ-տնկիներով հիմնվեց 2020 թվականի սեպտեմբերի 21-ին՝ մի խումբ սրտացավ այցելուների նախաձեռնությամբ ու ջանքերով։
Սեպտեմբերի 26-ին արահետում տեղի ունեցավ Կոմիտաս Վարդապետի ծննդյան 151 ամյակին նվիրված ծառատունկ-հիշատակումը, 2021 թվականի ապրիլի 1-ին էլ արահետը հարստացավ ևս մեկ խորհրդանշական «Կենաց ծառով»: Իսկ ապրիլի 26-ին էլ՝ ժամը 10:30 կշարունակվեն և ավարտին կհասցվեն ծառատունկի աշխատանքները:




Թողնել մեկնաբանություն