Խոտաբույսերով լոգանք․բուժիչ, առույգ ու թարմ

https://eco.am/%d5%ad%d5%b8%d5%bf%d5%a1%d5%a2%d5%b8%d6%82%d5%b5%d5%bd%d5%a5%d6%80%d5%b8%d5%be-%d5%ac%d5%b8%d5%a3%d5%a1%d5%b6%d6%84%e2%80%a4%d5%a2%d5%b8%d6%82%d5%aa%d5%ab%d5%b9-%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d5%b5%d5%a3/

Ծանր աշխատանքային օրվանից հետո, երբեմն կարիք եք ունենում կամ լողավազանի, կամ էլ` լոգանքի։ Ոչ միշտ է հաջողվում լողավազան այցելել, բայց, երբ տնային պայմաններում լոգանքը լինում է բուժիչ խոտաբույսերով, ապա համատեղում եք հաճելին օգտակարի հետ։

Eco.am-ն այսօր կներկայացնի մի քանի բուժիչ խոտաբույսեր, որոնցով պատրաստված լոգանքները կթարմացնեն ձեր մարմինն ու առավել առույգ կզգաք ձեզ։ Ջուրը բարելավելով արյան շրջանառությունը և լայնացնելով ծակոտիները, նպաստում է դեղաբույսերի բուժական ներգործության ուժեղացմանը։

Ինչպես ընդունել լոգանք

1․ Խորհուրդ է տրվում լոգանք ընդունել շաբաթը 1 անգամ, ընթրիքից 2 ժամ հետո, քնելուց՝ 1-1,5 ժամ առաջ։

2․ Ջրի ջերմաստիճանը պիտի լինի 36-37 աստիճան, լոգանքի տևողությունը՝ 20-30 րոպե։

3․ Գլուխն ու կրծքի հատվածը պիտի ջրից դուրս լինեն։

4․ Լոգանք ընդունելուց առաջ հարկավոր է մարմինը լավ լվանալ օճառով, որպեսզի պաշտպանական –ճարպաթթվային թաղանթը հանվի ու հեշտանա բուժանյութի ներթափանցումը՝ ծակոտիներով։

5․ Լոգանքից հետո մարմինը պետք չէ ցայել ջրով։

Տնային պայմաններում բուժական խոտաբույսերի եփուկները պատրաստվում են հետևյալ կերպ․

1 կգ․ թարմ, կտրատած ու մանրած խոտաբույսին ավելացնել  3-4 լիտր սառը ջուր, թողնել 5-10 րոպե, ապա 5 րոպե եռացնել և փակած վիճակում թրմել 30 րոպե։ Քամած եփուկը լցնել ջրի մեջ՝ լոգանքից անմիջապես առաջ։

Լորենու ծաղիկ- ուժեղացնում է քրտնարտադրությունը, հանգստացնում է նյարդային համակարգը  և կանխում անքնությունը։

Հազարավարդը և օշինդրը- բարելավում են արյան շրջանառությունը, թարմացնում և առույգացնում է արագ հոգնող մարդկանց նյարդային համակագը։ Օգտակար են նաև կնճռապատ մաշկի դեպքում։

Երիցուկը և գայլուկը– հակաբորբոքային ազդեցություն ունեն, բարելավում են մաշկի էպիթելացումը, նրանց թուրմով լոգանքները օգտակար են բորբոքված, չոր ու ճաքճքող մաշկի դեպքում։

Դաղձը և հաղարջենու տերևները- մրսածության դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցն են, բացի այդ, դաղձը հանգստացնում է գրգռված մաշկը և վերացնում քորը։

Վաղենակը՝ նարգիզ– արագացնում է վերքերի սպիացումը, առույգացնում, բարելավում մաշկի էպիթելացումը։

Ցորենի, գարու, եգիպտացորենիթ եփուկները– հանգստացնում են բորբոքված մաշկը, փափկացնում այն և վերացնում քորը։ Լոգանքի ջուրը պատրաստվում է հետևյալ կերպ՝ վերցնում եք թանզիֆե մի փոքրիկ պարկ, մեջը լցրեք այդ թեփուկներից երկու բուռ ու պարկը կախեք ծորակից այնպես, որ հոսող տաք ջուրն անցնի միջով։ Լոգանքից հետո հարկավոր չէ սրբվել։

Խոտաբույսերի միքս- թարմացնող ներգործություն են ունենում երիցուկի, եղեսպակի, հազարավարդի, հազարաթերթիկի, լորենու ծաղկի, դաղձի խառնուրդից 250 գրամ ավելացնել կես լիտր եռացրած ջուր։ Ծածկած վիճակում թրմեք 30 րոպե, ապա լցրեք լոգարանը։

Անհրաժեշտ է հիշել

Բուժական նյութերի պարունակությունը, խոտաբույսերի մեջ, օրվա ընթացքում փոփոխվում է։ Ուստի ավելի լավ է տերևները, ցողունը, ծաղիկները և այլն հավաքել օրվա առաջին կեսին, ցողը չորանալուց անմիջապես հետո։ Ամպամած օրերին բուժական նյութերի պարունակությունը նվազում է։

Արմատները և կոճղարմատները կարող եք հավաքել ցանկացած եղանակին, բայց միայն աշնանը, երբ վերգետնյա մասը թոշնի։

Բողբոջները հարուստ են խեժանյութերով, երբ արդեն ուռած են լինում, իսկ տերևները՝ պիտանի են անհրաժեշտ հասունություն ունեցողները։ Կեղևը հավաքելու լավագույն ժամանակը հյութաշարժության շրջանն է։

Ուշադրություն

Չի կարելի բուժախոտեր հավաքել ճամփեզրից, քաղաքի տարածքում, քանի որ բույսերը ներծծում են ավտոմեքենաների արտանետած գազերը և զանազան այլ նյուքեր։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով