Ի նպաստ Հայաստանի կենսաբազմազանության պահպանության, World Land Trust-ի ներկայացուցիչները մտադիր են երկար ժամանակով գալ Հայաստան

https://eco.am/%d5%ab-%d5%b6%d5%ba%d5%a1%d5%bd%d5%bf-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a2%d5%a1%d5%a6%d5%b4%d5%a1%d5%a6%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5/

Բրիտանական World Land Trust կազմակերպության ներկայացուցիչները Հայաստանում են։ Նրանք այցելել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) պահպանվող տարածքներ՝  գործընկեր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) իրականացված աշխատանքներին ծանոթանալու։

«Մեզ համար շատ կարևոր է, որ մեր գործընկերները ծանոթանան այն բոլոր ծրագրերին, որ իրականացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր որդեգրած առաքելության շրջանակներում։ Ուրախ եմ, որ մեր գործընկերները տպավորված էին կատարված աշխատանքով և պատրաստ են շարունակել աջակցել մեզ՝ իրականացվելիք ծրագրերի շրջանում ի նպաստ Հայաստանի կենսաբազմազանության պահպանության»,-նշեց հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ում ուղեկցությամբ էլ գործնկերները շրջեցին ապաստարանում, այցելեցին ծառատունկ իրականացված տարածքներ, ինչպես նաև ծանոթացան արջերի փրկության, էկոտուրիզմի, համայնքների զարգացման և մի շարք  այլ ծրագրերին։

Հիմնադրամի աշխատակիցները գործնկերներին ներկայացրեցին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տեսլականը և գործողությունների պլանը՝ առ  2030 թվականը։ World Land Trust-ի ներկայացուցիչները ծանոթացան նաև խնդիրներին և քննարկեցին հնարավոր լուծման տարբերակները:

«Հայաստանի մասին շատ եմ լսել, և բոլոր սպասելիքներս արդարացան՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կատարած հսկայածավալ աշխատանքների և նվիրումի առումով։ Շատ տպավորված եմ այն ամենով, թե ինչքան լավ են կատարվում աշխատանքները»,-նշեց World Land Trust-ի կենսաբազմազանության պահպանության բաժնի տնօրեն Ռիչարդ Քաթբերթը, որն առաջին անգամ էր Հայաստանում։

Իսկ World Land Trust-ի Պահպանության ծրագրերի մենեջեր Շարլոթ Բեքհեմը հասցրել է մի քանի անգամ լինել Հայաստանում։

«Ամեն այցիս ընթացքում տեսնում եմ այն զարգացումը, որը տեղի է ունեցել նախորդ այցերից հետո։ Տարիներ առաջ, երբ առաջին անգամ այստեղ էի եկել,  Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում ոչինչ չկար, իսկ այսօր ամեն ինչ այլ է։ Շատ տպավորիչ է տեսնել, թե ինչի եք հասել այս ընթացքում»,-շեշտեց նա։

 

World Land Trust-ի ներկայացուցիչները ցանկություն ունեն վերադառնալ և ավելի երկար ժամանակահատվածով ուսումնասիրել նախագծերը և հնարավոր համագործակցության ընդլայնումը։

Նշենք, որ World Land Trust-ը տարիներ շարունակ աջակցում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի ծրագրերին։ Բրիտանական կազմակերպությունը հիմնադրվել է 1989 թվականին, զբաղվում է վտանգված տարածքների պահպանությամբ։ Այն աջակցում է ծրագրերի իրականացմանն ավելի քան 20 երկրներում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով