Ինչ ծառեր կտնկվեն Ծիծեռնակաբերդի տարածքի կանաչապատման ընթացքում․ մանրամասնում է դենդրոլոգը

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9-%d5%ae%d5%a1%d5%bc%d5%a5%d6%80-%d5%af%d5%bf%d5%b6%d5%af%d5%be%d5%a5%d5%b6-%d5%ae%d5%ab%d5%ae%d5%a5%d5%bc%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%a2%d5%a5%d6%80%d5%a4%d5%ab-%d5%bf%d5%a1%d6%80/

Ծիծեռնակաբերդում 3.5 հա տարածքում այս տարի նախատեսվում է տնկել 3 հազար թուփ, 2260 ծառ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը։

Ըստ նրա, Ծիծեռնակաբերդի տարածքում, նախատեսված է փուլային տարբերակով կանաչապատում իրականացնել 8.5 հա տարածքի վրա: 2022 թվականի համար կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն 3.5 հա տարածքում: Ծառերի ձեռք բերման համար հայտարարվել են գնումներ: Տնկումների գործընթացը չուշացնելու համար պատվիրվել են փակ արմատային համակարգով ծառեր:

 «Երևանում կանաչապատման աշխատանքներ իրականացնելիս առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքով՝ այնպես անել, որ տնկարկները երկարատև ծաղկող լինեն: Այսինք՝ վաղ գարնանից մինչև ուշ աշուն այգիներում ունենանք գույներ»,- լրագրողների հետ ունեցած հանդիպմանն ասաց ՀՈԱԿ-ի դենդրոլոգը։

Բանախոսի փոխանցմամբ, Երևանի քաղաքապետարանն ընթացիկ տարում մի քանի կանաչ գոտիներում զգալի կանաչապատման աշխատանքներ է նախատեսել: «Ընդհանուր առմամբ, այս տարի նախատեսվում է տնկել 4 հազար ծառ և 75 հազար թուփ: Ծիծեռնակաբերդի տարածքում նախատեսված կանաչապատումը խոշոր ծրագրերից է։ Քանի որ այնտեղ արդեն կանաչապատ տարածքներ կան, հետևաբար նոր տարածքի կանաչապատման մոտեցումներն այնպես է ընտրված, որ համահունչ լինի եղածներին: Կանաչապատման համար մենք ընտրել ենք և՛ պտղատու, և՛ դեկորատիվ տեսակներ»,- շեշտեց Ա․ Գրիգորյանն ու մանրամասնեց․ «Ծիծեռնակաբերդում նախատեսվում է տնկել նշենի, սալորենի, ծիրանենի, հացենի և այլն: Համալիր տանող աստիճանների աջ ու ձախ կողմերի համար նախատեսվում է տնկել սոսի, որը մեծ սաղարթ ունի և կապահովի անհրաժեշտ պաշտպանություն շոգի ժամանակ»:

Բանախոսի դիտարկմամբ  տարածքի հողն այնքան էլ բերրի չէ․ «Ասեմ, որ այնտեղ կիսաանապատային հողեր են, խնդիրը լուծելու համար դիմել ենք Կոտայքի մարզին, որպեսզի օգնեն այդ հարցում»։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ աշխատանքներն այս տարի չեն ավարտվի միայն Ծիծեռնակաբերդի տարածքով։ Նախատեսված է հաջորդ կանաչապատման ծրագիրն իրականացնել Շենգավիթ վարչական շրջանում՝ 0.5 հա տարածք ունեցող Արագածի պուրակում․ «Այդ տարածքում ևս բարեկարգման, կանաչապատման զգալի աշխատանքներ են նախատեսված: Տնկվելու է նշենի, սոսի, ծիրանենի, կեչի, սոճի, հուդայածառ և այլն: Լինելու են անհրաժեշտ ենթակառուցվածքները հարմարավետ հանգստի գոտի ունենալու համար: Աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն այս տարվա աշնանը»,- վստահեցրեց Ա․ Գրիգորյանը:

ՀՈԱԿ-ը նախատեսում է նաև ավարտին հասցնել Սարալանջի հատվածի կանաչապատման աշխատանքները, որը սկսվել էր դեռևս անցյալ տարվա աշնանը։ Սակայն, ինչպես պնդեց դենդրոլոգը, հողն այստեղ ևս բարենպաստ չէ․ «Քարքարոտ, հումուսից զերծ տարածք է: Չնայած դժվարություններին, մոտ 1,8 հա-ից 0,5 հա-ի կանաչապտումն արդեն արված է: Ոռոգման համակարգի խնդիրը ևս լուծված է, որի արդյունքները համաքաղաքացիների համար տեսանելի կլինեն ծաղկման շրջանում»,– վստահեցրեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել