Ամառային սեզոնն ազդարարում է նաև տարբեր էքսկուրսիաների մեկնարկը և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հաշվի առնելով բարձր ջերմաստիճանային պայմանները, ստացվող ահազանգերը, ինչպես նաև թունավորումներից խուսափելու, երեխաների առողջությունը չվնասելու նպատակով՝ հորդորում է սպառողներին պահպանել սննդամթերքի անվտանգության մի քանի պարզ կանոններ։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կոչ է անում պահպանել այս կանոնները՝ թունավորման հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով:
Եթե որոշել եք սննդամթերքը վերցնել ձեզ հետ, ապա․
1․ ընտրեք իրացման ցանցից գնված թարմ, պիտանիության ժամկետի մեջ գտնվող սննդամթերք,
2․ պահեք փակ տարաներում,
3․ առանձնացրեք հում սննդամթերքը եփվածից:
4․Կենդանական ծագման սննդամթերքը (միս, ձուկ, ձու, մայոնեզ, կաթնամթերք և այլն), անպայման պահեք ջերմաստիճանային ճիշտ պայմաններում` սառնարան-պայուսակներում (-2 – +4),
5․ կրեմային հրուշակեղենից առհասարակ հրաժարվեք,
6․ Խուսափեք ճաշակել բարձր ջերմաստիճանի տակ եղած աղցաններ:
Մթերքները մի գնեք փողոցից, այդ դեպքում դրանք ի սկզբանե անվտանգության խնդիրներ կունենան:
Մրգերը, բանջարեղենը, հատապտուղներն օգտագործելուց առաջ լվացեք խմելու հոսող ջրով, և ցանկացած սննդամթերք պատրաստել-օգտագործելուց առաջ, խաչաձև աղտոտումից՝ ձեռքերի վրա գտնվող բակտերիաներն ու վիրուսները մթերքին փոխանցելուց, խուսափելու նպատակով, օճառով լվացեք ձեռքերը, պահպանեք անձնական հիգիենայի կանոնները։




Թողնել մեկնաբանություն