Թղթի թափոնները վերամշակման ուղարկեք բջջային հավելվածով

https://eco.am/%d5%a9%d5%b2%d5%a9%d5%ab-%d5%a9%d5%a1%d6%83%d5%b8%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%b4%d5%b7%d5%a1%d5%af%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b8%d6%82%d5%b2%d5%a1%d6%80%d5%af%d5%a5%d6%84/

Տանը կամ աշխատավայրում հաճախ ուշադրություն չենք դարձնում, թե ինչ ենք նետում  աղբամանը, պարզապես, առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ տվյալ իրը մեզ այլևս հարկավոր չէ, բայց չենք մտածում աղբը տեսակավորելու մասին։ Ճիշտ է, աղբը տեսակավորելու հնարավորությունները մեզանում դեռ լիարժեք տարածված չեն, բայց կարող ենք ինքներս մեզ համար ստեղծել պայմաններ։ Այստեղ կա մի կարևոր հանգամանք՝ աղբը տեսակավորելով կանխում ենք շրջակա միջավայրի աղտոտումը։

Այդպես վարվում են քաղաքակիրթ հասարակության անդամները, մարդիկ` ովքեր մտածում են էկոլոգիայի մասին։ Օրինակ, աղբի վերածելու փոխարեն թղթի թափոններից կարելի է ստանալ օգտակար, էկոլոգիապես մաքուր և կենցաղում պահանջարկ վայելող արտադրատեսակներ։ Թեպետ Հայաստանում կան թղթի թափոնների հավաքագրմամբ ու վերամշակմամբ զբաղվող բազմաթիվ ընկերություններ, բայց Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է բջջային հավելված՝ ТAPON.AM-ը, որը կօգնի հեշտությամբ վերամշակման ուղարկել կուտակված յուրաքանչյուր թղթի թափոն։

Հայաստանում նորույթ համարվող հավելվածից հեշտությամբ կարող են օգտվել թե՛ տանը թղթի թափոնն աղբից առանձին տեսակավորողները, թե՛ այն հավաքողներն ու վերամշակման հաձնողները:

Ինչի համար է հավելվածը

Այն նախատեսված է թղթի թափոնների հանձնման և մթերման գործընթացն առավել արդյունավետ և դյուրին դարձնելու համար: Հավելվածն իր օգտատերերին առաջարկում է առանց ավելորդ ջանք գործադրելու մասնակցել շրջակա միջավայրի պահպանության և մաքրության կարևորագույն խնդրի լուծմանը՝ տեսակավորել թղթի թափոնը կենցաղային աղբից և այն տրամադրել վերամշակման։ Հանձնած թղթի թափոնի յուրաքանչյուր կգ-ի դիմաց հավելվածը բաժանորդին հատկացնում է միավորներ․ այսպես կոչված TapPoint-ներ: Թափոնը վերամշակման հանձնելով՝ բաժանորդները հնարավորություն են ստանում քվեարկել հավելվածի կողմից հրապարակված հանրօգուտ ծրագրից մեկի օգտին: Այսինքն, յուրաքանչյուր ակտիվ օգտատեր մասնակցում է աղբավայրերում աղբի կրճատմանը, շրջակա միջավայրի պահպանությանն ու տարբեր հանրօգուտ ծրագրերի։ Հավելվածի բազմաթիվ օգտատերեր այլևս ոչ պիտանի թուղթը աղբարկղի փոխարեն ուղարկում է վերամշակման։

Ինչպես է այն աշխատում

Բաժանորդները, նշելով կուտակած թղթի թափոնի քանակը և հասցեն, հավելվածում ստեղծում են հայտ: Գործակալները հավելվածի միջոցով, առցանց ռեժիմով տեսնում են բոլոր հայտերը, որոնք ստեղծել են բաժանորդները: Կազմելով երթուղի՝ գործակալները հաջորդաբար մոտենում և հավաքում են թղթի թափոնները։

Ինչպես կուտակել թղթի թափոնը

1․ Կուտակեք թղթի և ստվարաթղթի մնացորդներն ու թափոններն աղբից առանձին

2․ Կուտակված թղթի թափոնները կապեք կամ տեղավորեք ստվարաթղթից արկղի, թղթե կամ պոլիէթիլենային պարկի մեջ՝ սեղմելով և խտացնելով դրանք։

3․ Կուտակված թղթի թափոնները խտացված վիճակում կշռեք, այնուհետև արկղի կամ պարկի վրա կատարեք նշում քաշի վերաբերյալ։

4․ Կուտակված թղթի թափոնի քաշը գրանցեք TAPON.AM հավելվածում։

Ի դեպ

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի տարեկան միջին հաշվարկով աղբն է նետում մոտ 20 կգ օգտագործված, ոչ պիտանի թուղթ և ստվարաթուղթ։ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բնակչության քանակը՝ տարեկան մոտ 58.000.000 կգ թուղթ հայտնվում է աղբավայրերում կամ աղտոտում բնակավայրերը, ինչպես նաև շրջակա միջավայրը։ Տվյալ քանակությամբ թուղթը զբաղեցնում է մոտ 500.000 քմ տարածք։ Պատկերացնելու համար նշենք, որ թղթի թափոնի նման քանակը կզբաղեցնի այնքան տարածք որքան կազմում է Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքը։ Աղբավայրերում տեղ զբաղեցնելուց բացի այն աղտոտում է շրջակա միջավայրը և վնասում ընդհանուր էկոլոգիան։

Դեն նետել այլևս ոչ պիտանի թուղթը՝ վնասելով բնությանը, թե կուտակել այն և տրամադրել վերամշակման՝ օգուտ բերելով բնությանն ու շրջակա միջավայրին, ընտրությունը ձերն է։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով