«ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաների ընկերության նախաձեռնությամբ օրերս Գյումրի քաղաքի Անի թաղամասում հիմնվեց նոր եզակի պուրակ։ Ընկերության աշխատակիցները, քաղաքի բնակիչների հետ միասին, նոր հիմնվող պուրակում տնկեցին մինչև 25 մետր բարձրության հասնող ու ծաղկման շրջանում շքեղ տեսք ունեցող Պավլովնիա ծառատեսակի մոտ 70 շիվեր։ Գյումրվա կոլորիտը պահպանելու համար տնկվող ծառերի կողքին տեղադրվեցին նաև գյումրվա բարբառով համեմված արտահայտությունների ու թևավոր խոսքերի ցուցանակներ։ Իսկ ծառատունկի մասնակիցները շիվերին ամրացրին անվանական ցուցանակներ, որպեսզի յուրաքանչյուրը պատասխանատվություն ունենա խնամելու իր տնկած ծառը։
Կազմակերպիչները համոզված են, որ մի քանի տարի անց պուրակը կդառնա գյումրեցիների սիրելի վայրերից ու թաղամասի ամենագողտրիկ անկյուններից մեկը։
«Ծառատունկը շարունակական բնույթ է կրելու»,- վստահեցրեց «ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաների ընկերության գործադիր տնօրեն Վարդան Հովսեփյանը, ապա հավելեց․ «Երբ որ Գյումրիում, կամ հենց Շիրակի մարզում կսկսենք շատացնել արևային համակարգերը, զուգահեռ կավելանան նաև կանաչ տարածքները։ Այդ հարցում մեզ կօգնեն գյումրեցիները՝ խնամելով իրենց անվանական տնկած ծառերը։ Արդյունքում, տարիներ անց կունենանք մեծ ու գեղեցիկ այգի»,- հույս հայտնեց Վարդան Հովսեփյանը։
Գյումրու Հայորդաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյանը պնդում է, որ մարդկանց մոտ ծառը խնամելու գիտակցությունը պետք է բարձրացնել․ «Ծառ տնկելը նաև պարտավորություն և պատասխանատվություն է։ Ծառը միայն թթվածնի համար չէ, ընդհանրապես ծառը խնամելու գիտակցումը պետք է մարդկանց մոտ բարձրացնել»։
Ծառատունկին գյումրեցիներից բացի մասնակցում էին նաև այն կազմակերպությունների ներկայացուցիչներն ու համայնքների բնակիչները, որոնք օգտվել են «ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաների ընկերության ծառայություններից։ Ծառատունկի ընթացքում «ԷկոՎիլ» -ը մասնակիցներին ներկայացրեց նաև արևային համակարգով աշխատող տարաբնույթ սարքավորումներից մի քանիսը։ Իսկ ընկերության ծառայություններից առաջին անգամ օգտվողներին տրամադրվեցին զեղչի քարտեր։
Յուրաքանչյուր ծառատունկ խթանում է կանաչ տարածքների ավելացմանը՝ նվազեցնելով օդի աղտոտվածությունը։ Բոլոր ներկաներն էլ համոզված էին, որ «խոսող ծառերի» պուրակի հիմնումը ընկերության հաճախորդների և գյումրեցիների համար կդառնա զբոսանքի լավագույն վայրերից մեկը։
Հոգ տանելով շրջակա միջավայրի մասին, «ԷկոՎիլ»-ը նպատակ ունի հանրության շրջանում բարձրացնել բնության հանդեպ սոցիալական պատասխանատվության զգացումը։ Ինչպես նաև, ծառի միջոցով կարևորել արևային համակարգի օգտագործման մեծ դերը՝ բնապահպանության հարցում։
«Ուրախ եմ, որ «ԷկոՎիլ»-ը, որը մաքուր բնության և մաքուր էնէերգիայի սկզբունքներով հիմնականում զբաղվում է արևային էներգիայի համակարգերի ներդրմամբ, միջոցառում է նախաձեռնել է նաև սոցիալական պատասխանատվության տիրույթում»,- ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը։
Ի դեպ, ծառատունկին հաջորդեց «ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաներ ընկերության մարկետինգի բաժնի պատասխանատուների կազմակերպած սեմինարը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում։
«Այս տարի ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում բացվել է նաև մարկետինգի բաժին, հենց այդ բաժնի ուսանողների համար էլ նախաձեռնել ենք մարկետինգի և վաճառքի մասին սեմինար-փորձի փոխանակում։ Այս քայլով փորձել ենք երիտասարդ սերնդին ակտիվացնել, նրանց մեջ բարձրացնել ուսանելու մոտիվացիան, ձգտումները։ Չի բացառվում, որ հետագայում նրանցից մի քանիսն էլ կգան մեր թիմում աշխատելու»,- լավատեսորեն շեշտեց «ԷկոՎիլ» ընկերության մարկետինգի բաժնի ղեկավար Գայանե Ղարսլյանը։
Հանդիպման ավարտին երկու կողմերն էլ ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի արդյունքում այսուհետ Գյումրու ՀՊՏՀ-ի լավագույն ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկան կանցնեն արևային տեխնոլոգիաների կիրառման լավագույն փորձն ունեցող, ոլորտում առաջատար «ԷկոՎիլ» ընկերությունում։












Թողնել մեկնաբանություն