Ջրային պաշարների համաշխարհային օրվա առթիվ այսօր Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի է ունեցել էկոկրթական հանդիպում։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Բնության պետական թանգարանում հանդիպել է Երևանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան թիվ 168 դպրոցի աշակերտների հետ՝ քննարկելու Սևանա լճի խնդիրների լուծման վերաբերյալ նրանց առաջարկությունները։ Իսկ ավելի վաղ աշակերտները Սևանա լճի հիմնախնդիրների շուրջ իրենց առաջարկներն են ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն։
«Շրջակա միջավայրում խնդիրները բազմաթիվ են ու բազմաբնույթ, բայց դրանք գրեթե բոլորը հետևանք են էկոլոգիական գիտելիքների պակասի և մշակույթի ցածր մակարդակի: Մենք չափազանց կարևորում ենք նաև, որ ձեր հետաքրքրության առանցքում է հատկապես Սևանա լիճը և դրա հիմնախնդիրները։ Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի, որ Սևանա լճի խնդիրների պատասխանատուն ոչ միայն Գեղարքունիքի մարզի բնակիչն է, այլև՝ հենց ինքը»,- կայացած էկոկրթական հանդիպման ժամանակ ասել է Ա․ Մեյմարյանը։


Հանդիպման ընթացքում աշակերտներն իրենց հուզող հարցերն են ուղղել նախարարի տեղակալին՝ Սևանա լճի էկոհամակարգի, կենսաբազմազանության, լիճ թափվող գետերի մաքրության, կապտկանաչ ջրիմուռների, կեղտաջրերի հոսքը դեպի լիճ կանխելու և Սևանա լճի մակարդակի վերաբերյալ։
Իսկ փոխնախարարն էլ կարևորելով Սևանա լճի խնդիրների շուրջ նրանց մտահոգությունը՝ հորդորել է աշակերտներին լինել պահանջատեր և իրավագիտակից քաղաքացիներ, որոնք անտարբեր չեն իրենց երկրում խնդիրների հանդեպ։
Հաջորդիվ թանգարանի տնօրենն աշակերտներին է ներկայացրել Հայաստանում ջրային ոլորտում առկա իրավիճակը, որից հետո ցուցադրվել է ֆիլմ՝ նվիրված Սևանա լճին։
Հանդիպման ավարտին նախարարի տեղակալն աշակերտներին հրավիրել է մասնակցելու առաջիկայում նախատեսված շաբաթօրյակին և ծառատունկին՝ հիշեցնելով, որ շրջակա միջավայրի առողջությունը կախված է մեզնից և յուրաքանչյուրիս ամենափոքր ջանքը որոշիչ է օր առաջ ավելի առողջ շրջակա միջավայր ունենալու համար:





Թողնել մեկնաբանություն