Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների, ավելի պակաս վնասակար են, քան ավանդական ծխախոտները, ինչը կարող է մոլորեցնել ապագա մայրերին հղիության և հետծննդյան ընթացքում։
Eco.am սոցիալական հարթակը Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնից տեղեկացավ, որ վերջին տարիներին Հայաստանում կատարված հետազոտությունները վկայում են՝
1․ մարդկանց 10,5%-ը կարծում է, որ էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը ավելի քիչ վնասակար է,
2․շուրջ 8%-ը մտածում է, որ դրանք անվնաս են,
3․իսկ շուրջ 30%-ը տեղյակ չէ դրանց վնասակարության մասին։
Այս ցուցանիշները բավականին մտահոգիչ են։ Դեռ ավելին, այլ պետություններում իրականացված հետազոտությունները վկայում են, որ հղի կանանց մոտ առկա է թյուր կարծիք, որ էլեկտրոնային ծխախոտն ավելի քիչ վտանգավոր է, քան ավանդականը, իսկ շատերն անգամ տեղյակ չեն, որ դրանք պարունակում են ապագա երեխայի առողջության համար վտանգ ներկայացնող նիկոտին։
Առկա փաստերը վկայում են, որ Էլեկտրոնային ծխախոտները և նիկոտին պարունակող այլ ապրանքներն անվտանգ չեն հղիության ընթացքում օգտագործելու համար:
Նիկոտինը վտանգ է ներկայացնում հղիների և զարգացող երեխայի առողջության համար՝ վնասելով զարգացող երեխայի ուղեղը և թոքերը: Բացի այդ, էլեկտրոնային ծխախոտներում օգտագործվող որոշ բուրավետիչներ նույնպես կարող են վտանգավոր լինել զարգացող երեխայի համար։
Եթե Դուք հղի եք և ծխում եք, ապա ծխելուց հրաժարվելը լավագույն լուծումն է Ձեր և Ձեր ապագա երեխայի առողջության համար: Անհրաժեշտության դեպքում կարող եք խորհրդակցել հղիությունը վարող մասնագետի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թողնել մեկնաբանություն