Երբ կավարտվի Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները

https://eco.am/%d5%a5%d6%80%d5%a2-%d5%af%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%bf%d5%be%d5%ab-%d5%be%d5%a5%d5%a4%d5%b8%d6%82-%d5%bb%d6%80%d5%a1%d5%b4%d5%a2%d5%a1%d6%80%d5%ab-%d5%af%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d6%81%d5%b4%d5%a1/

Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ։ Այս մասին, ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Պատվարի հիմնական կառուցման աշխատանքները մոտ 80 տոկոսով իրականացված են, այս տարվա վերջ ջրամբարի կառուցումը կավարտվի: Բայց մյուս համակարգերն այնպես են կառուցված, որ այն գետերից հոսքերը, որ պետք է գան ու լցվեն ջրամբարը, գալիս, ջրամբարի տարածքով անցնում են ու ոռոգման սեզոնին ծառայեցվում բնակչությանը, մինչև ջրամբարը կլցնենք ամբողջովին», – ասել է նախարարը:

Վեդու ջրամբարը կառուցվում է 394.4 մլն եվրո դրամաշնորհային միջոցներով՝ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ։

2022թ. բյուջեով ՀՀ կառավարությունը 2 մլրդ դրամ է հատկացրել ջրամբարների նախագծման համար: Այս պահին սկսվում է նաև Քասախի, Արգիճի, Աստղաձորի, Ելփինի, Արթիկի, Լիճքի և Եղվարդի ջրամբարների նախագծման աշխատանքները:

«Նախագծման աշխատանքների ընթացքում, ինչպես և պայմանավորվել էինք, դիտարկում ենք նաև էներգետիկ հնարավորությունները, թե ինչքանով կարող են այդ ջրամբարները էներգետիկ պոտենցիալ ունենալ: Այսինքն՝ ջրամբարների կամ հոսքերի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու, տեղադրելու նպատակահարմարությունը»,- ՀՀ կառավարության նիստում շեշտել է ՀՀ վարչապետը:

«Վեդի պատվարի եւ ոռոգման համակարգի կառուցման» ծրագիրը մեկնարկել է 2017 թվականի մարտից։ Ջրամբարը կառուցվում է Արարատի մարզում՝ Վեդի գետի աջափնյա Կոտուց սելավատարի վրա, ջրամբարը լցնելու համար ջրաղբյուր են հանդիսանում Վեդի և Խոսրով գետերի գարնան ամիսների վարարումների ազատ հոսքերը: Ջրամբարի ընդհանուր ծավալը կազմելու է 29,4 մլն խմ, իսկ ջրատվությունը՝ 32,3 մլն խմ։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։